Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 1-ից հետո(Տեսանյութ)

43

Հուլիսի 1-ից Հայաստանում գազը կթանկանա։ Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում է գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն հասցնելով 165 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն: Ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովն առաջարկում է նաև թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ: