«COVID_19-ը ախտորոշելու համար միայն թեստավորումը և ռենտգեն հետազոտությունը բավական չեն». բժիշկ-թերապևտ

81

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COVID-19-ը մեծ աղետ է ամբողջ աշխարհի համար։ COVID-19-ի տարածման 7-8 (իսկ Հայաստանում 3,5) ամիսների ընթացքում անընդհատ ի հայտ են գալիս մի շարք նոր կլինիկական ախտանիշներ, որոնք բարդացնում են բուժման գործընթացը։
COVID-19-ի ժամանակ թոքերի ախտահարումը ամենատարածված և վտանգավոր համախտանիշն է և կարող է բերել սուր շնչառական դիսթրեսի և հանգեցնել մահվան։
COVID-19-ի ժամանակ թոքերի ախտահարումը թոքաբորբ չի կարելի անվանել, ինչպես իմ գերմանացի գործընկերներն են ասում են, դա թոքերի ինքնավնասման կամ հեմոֆագոցիտար համախտանիշ է։ Քանի որ այդ ախտահարման հիմքում ընկած է ոչ թե բորբոքում, այլ խթանված վիրուսի կողմից թոքերի մազանոթների աուտոիմուն ախտահարում և միկրոտրոմբերի առաջացում, որն էլ և բերում է թոքերի շնչառական մակերեսի նվազեցմանն և թթվածնային քաղցի իր վերը նշված հետագա բարդություններով։ Այսինքն, զարգանում են թոքերի անոթների վասկուլիտ և տարածուն միկրոթրոմբոզ, որոնց կլինիկական և լաբորատոր արտահայտումն է «ցիտոկինային փոթորիկը», և որոնք էլ, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբի պատկեր են տալիս համակարգչային շերտագրության (ՀՇ) ժամանակ»։ Ուստի վարակակրի աուսկուլտատիվ տվյալները և ռենտգեն հետազոտությունը քիչ ինֆորմատիվ կլինեն։ Ռենտգեն հետազոտության ժամանակ մենք կարող ենք ստանալ ատիպիկ թոքաբորբի շատ սակավ և անուղակի տվյալներ, օրինակ՝ բրոնխովասկուլյար անոթավորման ուժեղացման կամ մանր ֆիբրոզ օջախների առաջացման պատկեր։ COVID-19-ով պայմանավորված թոքաբորբի հավաստի ախտորոշումը դրվում է միայն ՀՇ տվյալներով։