«Սպանեցին կնոջս». Տեր Եզնիկ քահանա Գալստյանը՝ կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարված իր կնոջ մասին

49

«Խնդրում եմ, գնացեք Գյումրու Կարմիր Խաչի պոլիկնիլիկա և խնդրեք, թող ձեզ ցույց տան այն գրությունը, որով ես իմ համաձայնությունն եմ տվել և ստորագրելով հրաժարվել եմ, որ կնոջս հիվանդանոց պառկեցնեն կամ կորոնավիրուսի տեստ հանձնեն։ Եթե կա նման փաստաթուղթ, ապա նրանք պետք է ձեզ ցույց տան։

Ուրեմն, խնդրում եմ՝ գնացեք և խնդրեք, պահանջեք, թող ցույց տան, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած 66-ամյա կնոջ ամուսինը՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը։ Գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Մահից առաջ հանձնած թեստի պատասխանը դրական է եղել։ Թե ինչո՞ւ է կինը ծայրահեղ ծանր վիճակում հասել «Գյումրի» բժշկական կենտրոն և ժամանակին պատշաճ բուժզննության չի ենթարկվել հարցին, տեր Եզնիկ քահանա Գալստյանն այսպես է պատասխանում, — Կարմիր խաչի պոլիկլինիկայից մեր ընտանեկան բժշկուհին՝ Գոհար Խաչատրյանը մի քանի օր շարունակ եկել ստուգել է կնոջս և հայտնել, որ ոչ մի վտանգ չկա, պարզապես մրսածություն է, կա նաև թեթեև թոքաբորբ, կանցնի։ Միայն օրեր անց արդեն խիստ բարդացած վիճակում՝ երկկողմանի թոքաբորբով կնոջս տանում ենք Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ոչ պատշաճ բուժօգնության և վատ վերաբերմունքի պատճառով նա մահանում է։ Ավելի շուտ չի մահանում, սպանում են կնոջս, դա իր բնական մահը չէր»։

Անդրադառնալով Գյումրու բժշկական կենտրոնում կատարվածին, որտեղ և տեղափոխելուց ժամեր անց մահացել է 66-ամյա կինը, տեր Եզնիկ քահանա Գալստյանը մանրամասնում է՝ հիվանդանոցի տեսախցիկներն ամեն բան ֆիքսել են, բացեք և նայեք. «Ես ուզում եմ նայեք, թե ոնց են այդ հիվանդանոցում մոտեցել հիվանդին, մոտե՞ցել են արդյո՞ք, թե ոչ, ինչպե՞ս չեն կարողացել ներերակային սրսկում կատարել, ինչպես են տեստավորել նրան… Ժամեր շարունակ կնոջս մոտ ոչ ոք չի մտել։ Տեսախցիկները վայրկյաններով այդ ամենը ֆիքսել են, պահանջեք, նայեք, թող ցույց տան։ Այդ հաստատության տնօրենը, որը ո՛չ տնօրեն, ո՛չ բժիշկ կոչվելու ոչ մի իրավունք չունի, փոխանակ կազմակերպելու կնոջս առաջին օգնությունը, մեզ ասում է՝ մենք կորոնավիրուսով վարակված հիվանդների չենք սպասարկում, ինչո՞ւ եք այս վարակված և մահամերձ հիվանդին բերել այստեղ, թող մնար տանը մահանար, բառացի կրկնում եմ նրա բառերը»։

Մեր հարցին ՝ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել մահացած կնոջ ամուսինը, ով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սպասավորներից է, պատասխանում է. «Ինչ պատահեց իմ կնոջ, իմ ու իմ ընտանիքի հետ պատահեց, և, որպեսզի այլ ընտանիքների հետ նման բան չպատահի, ուրիշ մայրեր ու կանայք չմահանան, նմանները իրավունք չունեն բժիշկ և տնօրեն լինելու։ Եթե դուք, վարակվելուց վախենալով հրաժարվում եք մարդուն պատշաճ օգնություն ցուցաբերել, ուրեմն ձեր ժամանակը սպառվել է՝ թոշակի գնացեք և թող ձեր փոխարեն գան մարդիկ, ովքեր բժշկի կոչմանը հարիր՝ սրտացավ են ուրիշի ցավին։ Իմ խաչը սա է, ես ոչ մեկի դեմ դատական հայց չեմ պատրաստվում ներկայացնել, ես իմ դատը հանձնել եմ իմ դատավորին, և վախենամ, որ այս ամենի պատասխանը նրանք Տեր Աստծուց ստանան»։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց և զրուցեց նաև Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Իսահակյանի հետ։ Մեր հարցին ի պատասխան՝ ի՞նչպես է հնարավոր, որ բժիշկը ծայրաստիճան ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված հիվանդին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն նրան տուն տանելու և տանը մահանալու առաջարկով հանդես գա, Արմեն Իսահակյանը պատասխանեց. «Լա՜վ էլի, մի՞թե կարելի է հավատալ, որ բժիշկը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել։ Ես մեղադրել եմ, որ նա իր հիվանդ կնոջը 13 օր շարունակ պահել է տանը և միայն ծայրահեղ ծանր վիճակում է հասցրել հիվանդանոց, այնինչ պետք էր հիվանդության առաջին իսկ սիմպտոմների պարագայում մասնագիտական հիվանդանոց տեղափոխեր նրան և անմիջապես տեստավորման ենթարկել հիվանդին։ Կիսամեռ կնոջը բերել են մեզ մոտ, և, դա այն դեպքում, երբ մեր կլինիկան կովիդ հիվանդներին սպասարկելու համար չի նախատեսված, նրան ինֆեկցիոն հիվանդանոց էր պետք տեղափոխել»

Մեր այն նկատառմանը, որ եթե, նույնիսկ հիվանդանոցը նախատեսված չէ կովիդ հիվանդներ ընդունելու և սպասարկելու համար, բայց, այնուհանդերձ, այդպիսի հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ է տեղափոխվել, պետք է հրաժարվե՞լ սպասարկել և առաջին օգնություն ցուցաբերել նրան, Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Իսահակյանը պատասխանում է. «Մեզ մոտ հիվանդը բերվել է հունիսի 15-ի առավոտյան՝ 12։20-ին, երկկողմանի թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, գիտակցությունը մթագնած, թույլ, հարցերին դժվարությամբ էր պատասխանում։ Նույն պահին բաժանմունք է տեղափոխվել ու միացվել թթվածնային սարք, այդ ընթացքում էլ կորոնավիրուսի նմուշառում է վերցվել։ Սակայն մինչև թեստի պատասխանը ստանալը, ժամը 16։30-ին կինը մահացել է։

Թեստի պատասխանը ավելի ուշ՝ ժամը 22։00-ին ենք ստացել, դրական է եղել։ Նորից եմ կրկնում, թեև մենք կովիդով վարակված հիվանդներին սպասարկելու համար նախատեսված հիվանդանոց չենք, բայց, տվյալ պարագայոււմ, մեզ մոտ նրան առավել քան լիարժեք՝ ռեանիմացիոն և բուժական բոլոր միջոցառումներին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, այնպիսի բուժում, որը նախատեսված կորոնավիորուսով վարակված հիվանդների համար։ Չեմ կարող չնշել, որ տիկին Էմման, տարիներ առաջ հենց մեր հիվանդանոցում է սրտի ստենդավորման ենթարկվել և իմ զայրույթը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ կինն արդեն իսկ կորոնավիրուսային վարակի խոցելի խմբում է եղել 13 օր շարունակ տնային պայմաններում է պահվել։ Այս պահին էլ մահացած կնոջ բժշկական անկետան գտնվում է դատաբժիշկների մոտ, թող քննություն սկսեն, ինքս պատրաստ և պատասխանատու եմ պատասխան տալ յուրաքանչյուր քայլի համար»։

Տեղեկացնենք, որ «Փաստինֆոյին երկու օր շարունակ չի հաջողվում կապ հաստատել Գյումրու Կարմիր Խաչի պոլիկնիլիկայի ղեկավար Հովհաննես Վարձելյանի և այնտեղ աշխատող բուժքույր Գոհար Խաչատրյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք գործով տուժող տեր Եզնիկ քահանա Գալստյանը կամ նրա մահացած կինը գրավոր համաձայնությամբ հրաժարվել են կորոնավիրուսային տեստ հանձնելու առաջարկներից և թե ի՞նչ հիմնավորումով է բուժքույր Գոհար Խաչատրյանը բավարար համարել կորոնավիրուսով հավանական վարակակիր, արդեն մահացած կնոջ վիճակը՝ նրան տնային բուժում նշանակելու և անհապաղ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտությունը չեղարկելու համար։