Եթե անհրաժեշտություն լինի՝ հանձնաժողովի նիստին կհրավիրենք նաև Սերժ Սարգսյանին. Քոչարյան

212

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ հունիս 4-ին: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, բացի դա, Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովը քննելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են հասարակությանը:

Օրակարգը նույնպես հաստատվելու է հանձնաժողովի նիստի ընթացքում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ժամանակվա պաշտոնյաները և, առավել ևս, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հրավիրվեն հանձնաժողովի նիստերին, Կարապետյանը պատսախնեց. «Որևէ կաշկանդվածություն չունենք, անկախ նրանից պաշտոնյան ներկա է, թե նախկին: Քննելու ենք ամբողջ գործընթացը և այստեղ որևէ կաշկանդվածություն չկա: Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել, ապա կհրավիրենք»:

Լրագրողների այն հարցին, թե պատգամավորի կարծիքով՝ կլինի՞ նման անհրաժեշտություն, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց, որ երբ հանձնաժողովը սկսի իր աշխատանքները և անհրաժեշտ լինի այս կամ այն պաշտոնյային հրավիրել նիստին: Նախկին և ներկա պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստին: «Մենք չենք ուզում անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ այդ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք պետք է ներկայանան նիստին, քանի որ նախկինում պաշտոն են զբաղեցրել, այդ թվում՝ նաև Արցախի Հանրապետությունից: Կարծում եմ, որ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են բացահայտել Ապրիլյանի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալ»— ասաց Կարապետյանը:

Պատգամավորը նշեց, որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե հանձնաժողովը զբաղվում է միայն պատժիչ գործունեությամբ, բայց հանձնաժողովի աշխատանքը միտված է նաև բացահայտել այդ օրերին արված հերոսությունները: Կան մարդիկ, ովքեր մինչ օրս գնահատված չեն:

«Այստեղ քննվելու է Ապրիլյանի ամկբողջ գործընթացը՝ ի՞նչ եղավ, ինչի՞ց եղավ, որո՞նք էին պատճառները, հնարավո՞ր էր կանխել: Պետք է տրվեն բոլոր հուզող հարցերի պատասխանները և հետևություններ անել, որպեսզի խուսափենք կրկնությունից»,-ասաց պատգամավորը: Կարապետյանն անդրադարձավ նաև այն քննարդատությանը, որ հանձնաժողովում կան մարդիկ, ովքեր չեն ծառայել, և նրանք չեն կարող լինել այս հանձնաժողովում: Կարապետյանը նշեց, որ ինքը նույնպես չի ծառայել:

Ամբողջ հանձնաժողովում չեն ծառայել Քրիստինե Պողոսյանը և Տիգրան Կարապետյանը: Պատգամավորի խոսքով, սակայն, հանձնաժողովը զբաղվելու է նաև ոչ ռազմական հարցերով: Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին անգամ փակ նիստ է գումարելու: Նիստերը լինելու են փակ, քանի որ պատգամավորներին տրամադրվել են և քննարկվելու են ռազմական և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: