Որքանո՞վ է հիմնավորված մեքենայի մեջ միեւնույն ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելը․ մասնագետի կարծիք

34

Մեքենայի մեջ միեւնույն ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու պահանջը հիմնավորված չէր լինի, եթե այդ գործընթացը լիներ վերահսկելի։ Սակայն ոստիկանը հեռվից չի կարող հասկանալ՝ մեքենայում միեւնույն ընտանիքի անդամներ են, թե ոչ։ Իսկ քանի որ մեքենան փակ տարածք է համարվում, վարակի փոխանցման հավանականությունն այնտեղ բավական բարձր է։ Նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը կորոնավիրուսին նվիրված քննարկման ժամանակ։

«Ոստիկանը, որը հեռվից տեսնում է, որ մեքենայում երկու հոգի առանց դիմակ են, հեռվից չի տարբերում՝ նրանք մեկ ընտանիքի անդամներ են, թե բացարձակ իրար հետ կապ չունեցող մարդիկ»,- նշեց մասնագետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մեքենա առանձին չստուգելու եւ փողոցում երթեւեկությունը չկանգնացնելու տեսանկյունից մեքենայում բոլորի կողմից դիմակ կրելու պահանջը ընդունելի տարբերակ է։

«Մենք փորձում ենք անընդհատ մերժել դիմակ կրելը, բայց եկեք ընդունենք, որ սա այս պահին մեր, կարելի է ասել, միակ զենքն է վարակի դեմ։ Իհարկե, անհարմար է, մենք սովոր չենք դիմակ երկարատեւ կրել, բայց այս պահին այն պարտադիր է։ Պարտադիր են 3-ը միասին՝ ե՛ւ դիմակ կրելը, ե՛ւ ձեռքերի հիգիենան, ե՛ւ սոցիալական հեռավորությունը»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ Չինաստանի եւ Հարավային Կորեայի օրինակը ցույց է տվել, որ կարգապահությունը պահպանելով՝ կարելի է լավ արդյունքների հասնել․ այդ երկրներում այսօր արդեն զրոյական դեպքեր են գրանցում։ Հայերին մասնագետը հորդորում է հետեւել նրանց օրինակին։