Ինչպե՞ս պետք է հագուստը լվանալ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

39

Լվացքի մեքենայի հատուկ ռեժիմը կարող է ոչնչացնել հագուստի վրա եղած նոր կորոնավիրուսը: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոտեխնոլոգիայի եւ վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը: Մասնագետի խոսքով՝ SARS-CoV եւ SARS-CoV-2 վիրուսների ապաակտիվացման ջերմաստիճանը միատեսակ է. վիրուսը Ցելսիուսի 60 աստիճանում չի գոյատեւում, հատկապես եթե լվանալիս օգտագործվում է մակերեսային ակտիվ նյութերով լվացքի միջոց: «Գենոմների միջեւ տարբերությունը ընդամենը 20 տոկոս է, իսկ վիրուսային մասնիկների ընդհանուր կառուցվածքը եւ սպիտակուցների լրակազմը միանման է: Բացի ջերմաստիճանից, անհրաժեշտ են ցանկացած լվացքի փոշու մեջ պարունակվող մակերեսային ակտիվ նյութեր: Այնպես որ, իմ կարծիքով, Ցելսիուսի 60 աստիճանի դեպքում անգամ կես ժամ տեւողությամբ լվացքը հագուստն անվտանգ կդարձնի»,- ասել է մասնագետը: Ալեքսեյ Կոսիգինի անվան Ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան իր հերթին նշել է, որ լվացքի այսպիսի ռեժիմին կարող են դիմանալ միայն բնական գործվածքից, օրինակ՝ վուշից եւ բամբակից պատրաստված իրերը: Իսկ որոշ սինթետիկ գործվածքներ այսպիսի բարձր ջերմաստիճանով լվանալու դեպքում կարող են փչանալ: Կոստրոմայի պետական համալսարանի տենոլոգիայի եւ գործվածքի ու տրիկոտաժի նախագծման ամբիոնի վարիչ Մարինա Բագատիրյովան խորհուրդ է տալիս նուրբ գործվածքները լվանալ ավելի ցածր ջերմաստիճանի պայպաններում, իսկ հետո դրանք մշակել գոլորշիով: Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս վարակված հագուստը 2-3 շաբաթ թողնել փակ փաթեթի մեջ, որի ընթացքում մակաբույծ վիրուսը, տիրոջ հետ չշփվելով, պետք է ոչնչանա: Սակայն գիտնականները սա դեռեւս չեն հաստատել: Նյութի աղբյուրը` YN.am