Փաշինյանը` կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախ հանդիսացող վայրի մասին

46

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախները բակերն են:  Այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածման ամենամեծ օջախները բակերն են, տաղավարներն ու հարևանությունը: Շքամուտքում մեկ մարդ վարակվում է, հետո սկսվում է վարակը շղթայական տարածվել: Մեր մեթոդը մարդկանց հետո խոսելն է, չենք կարող ամեն քաղաքացու կողքը դնել ոստիկան»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց առանց դիմակի չհաղորդակցվել ընտանիքի անդամ չհանդիսացող մարդու հետ, պահպանել սոցիալական հեռավորությունը ու ախտահանել ձեռքերը:

Փաշինյանը նշեց, որ դիմակով պետք է շփվել նաև ընտանիքի տարիքով ավագ անդամների հետո, որպեսզի նրանք չվարակվեն: Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 85 556 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 293 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 96 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: