«Զակազն» Արայիկ Հարությունյանն է տվել». Սամվել Բաբայանի կողմնակիցներ

144

Սեւանի մայրուղում կատարված դեպքը, միանշանակ, քաղաքական բնույթ էր կրում, որեւէ կենցաղային հարց չկար, եւ մեր խնդիրը այն չէ, որ այդ մարդկանց ձերբակալեն, այլ, թե ով է «զակազը» տվել. ու ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցներ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը՝ անդրադառնալով Բաբայանի համակիրների ճանապարհը փակելուն, եւ իրենց ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելուն: Կողմնակիցներն ասացին, որ ավոմեքենայի մեջ եղել են իրենք՝ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը, երրորդ անձ չի եղել.

«Արայիկ Հարությունյանը ստախոս է, ստում է, մենք չենք ճանաչում ոչ մեկին, կենցաղային որեւէ հարց չունենք որեւէ մեկի հետ: Մենք ապրում ենք անուն-ազգանունի համար, այլ ոչ թե՝ դրամ-դոլարի: Եթե դուք Ձեր խոսքի տերն եք, ասուլիս կազմակերպենք, դեմ առ դեմ խոսենք, եւ հասարակությունը իմանա՝ ինչ է կատարվում Արցախում»,- ասաց Արմեն Մեջլումյանը եւ ավելացրեց, որ 3 ամիս է, աշխատում են Մարտակերտի եւ Շահումյանի շրջանում, որեւիցե խնդիր այդ շրջաններում իրենք չեն ունեցել: Ըստ նրա, որ Բաբայանը հանդիպում է Մարտակերտի շրջանի բնակիչների հետ, եւ բնակիչները նրան լսում են, ուստի Սեւանի մայրուղու միջադեպն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ձեռքի գործն է եղել:

Նրանց խոսքով՝ երկու կողմերի աջակիցները հանդիպել են, եւ եկել են այն եզրահանգմանը, որ ամեն մեկը իր թեկնածուին կպաշտպանի. «Իսկ թե որտեղից եք վեկալել, Արայիկ Հարությունյան, որ կենցաղային հարց է: Ես գիտեի, որ Արայիկ Հարությունյանը տնտեսագետ է, բայց, որ նաեւ ստագետ է, դա չգիտեի: Ես ասում եմ, եթե պատկան մարմինները սրան լուծում չտան, ապա մենք լուծում կտանք»,- ասաց Մեջլումյանը:

Անդրադառնալով գործի արագ բացահայտմանը, եւ իրենց գոհունակությանը՝ կողմնակիցներն ասացին, որ դա աբսուրդ էր, քանի որ իրենց ոչ մեկ չի հարցաքննել.

«Մեզ չեն խոսացրել, ու ասում են ամբողջությամբ բացահայտված է: Ոնց կարող են երկրորդ կողմի կարծիքը չլսել, ու ասել գործն ամբողջությամբ բացահայտված է: Չի կարող մի քանի տասնյակ մարդ ավտոմեքենաներով 25 րոպե «պագոնյա» անել, ու չիմանան՝ ինչ է եղել»,- ասաց Արմեն Մեջլումյանը եւ ավելացրեց, որ իրենք մրցակից չեն տեսնում Արցախի նախագահի ընտրության հարցում:

Մյուս կողմնակից Արամ Հովակիմյանի կարծիքով՝ Սեւանի միջադեպը մեծ օպերացիա էր, եւ նշեց, որ դա պատահականություն չի կարող համարվել.

«Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ մեքենաներով եւ ինչպես են հետապնդում: Դա մեծ օպերացիա էր: Հրազենով վնասես էն մեքենային, որին որ չես ճանաչում: Հիմա դա մահափորձ է, թե՝ պատահականություն: 21-րդ դարում պատահականություններ լինո՞ւմ են»,- ասաց Արամ Հովակիմյանը:

Նշենք, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը եւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը այսօր կալանավորվել են: Այս մասին NEWS.am–ին հայտնել է  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բելերը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները. «Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու եւ չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»:

Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է: