Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել նախքան բանակցությունների կոչ անելը վերադառնալ միջուկային համաձայնագրին

152

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել նախքան բանակցությունների կոչ անելը վերադառնալ միջուկային համաձայնագրին եւ իրավիճակը կարգավորել, փոխանցում է Mehr-ը:

«Անցյալում թշնամիները Իրանի հետ բանակցությունների համար մի քանի նախապայմաններ ունեին: Նրանք հայտարարում էին, որ Իրանը պետք է նախ ընդունի նախապայմանները, իսկ հետո իրենք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց վերջին շաբաթներին նրանք ընդգծում էին, որ իրենք բանակցությունների համար նախապայմաններ չունեն»,- հայտարարել է նա:

Ռոհանիի խոսքով՝ «կողմը, որը լքել է բանակցությունների սեղանը եւ խախտել համաձայնագիրը, պետք իրավիճակը կարգավորի, հակառակ դեպքում մենք այլ ընտրություն չունենք, քան մեր դիմադրությունը շարունակելը»: «Եթե թշնամին գիտակցի, որ իր ընտրած ճանապարհը սխալ է, ապա կարելի է բանակցային սեղանի շուրջ նստել եւ ցանկացած հարց լուծել»,- նշել է նա:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է Իրանի հետ խոսել առանց նախապայմանների: Ընդ որում՝ նա հավելել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի վրա ճնշում գործադրելու իր արշավը: