ՊՆ-ի մոտ քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

160

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հւնիսի 3-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ դեռ մայիսի 31-ին Panorama.am-ը հայտնել էր, որ Մխիթար Ալումյանը սպառնում է ինքնահրկիզվել ՊՆ դիմաց. «Էլ ճար չունեմ, երկուշաբթի առավոտ բենզինը վրես լցրած գնալու եմ պաշտպանության նախարարության դիմաց, ինձ ինքնահրկիզեմ, պրծնեմ»: Նա նշել է, որ ՊՆ-ի դիմաց մի քանի օր առաջ հացադուլը դադարեցրել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորով։ Նախարարը նրան 60 հազար դրամ էր տվել ու, ըստ Ալումյանի պատմածի, խոստացել, որ տուն կտրամադրեն, աշխատանք կգտնեն։

«Նախարարն ինձ նույնիսկ խոստացավ, որ էլիտար թաղամասում տուն կտրամադրեն, ես հրաժարվեցի։ Հիմա քանի օր է անցել, զանգում եմ,  տեսնեմ, ինչ ընթացքի մեջ է հարցը, կատարյալ լռություն է։ Լռություն, լռություն, ասի՝ դուք ձերը արեք, ես էլ իմը կանեմ։ Մի գեներալ, անունը չեմ ուզում տալ, ինձ ասեց, մյուս անգամ լուցկին չափսոսես, քեզ կվառես։ Ասեցի, խոսք եմ տալիս զինվորի պատվով։ Թող գնան մտածեն»,-ասել է նախկին զինծառայողը։

Ալումյանն ասել է նաեւ, տարվա մեծ մասն անցկացրել է դիրքերում, իր անչափահաս երեխաներին այդ ընթացքում տանը մենակ էր թողնում. «Մարդիկ իրենց սենյակներում նստած հինգ սենյականոց բնակարան են ստանում պետության հաշվին, ես որ տարվա մեջ ինն ու կես ամիսը դիրքերում եմ եղել՝ երեխեքիս տանը մենակ թողած, բնակարան չեմ ստանում։ Ես գնալու եմ էդ քայլին, ինչ ուզում է թող լինի»: