Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի կիրառումը տանելու է սոցիալական բունտերի. Տնտեսագետ

167

Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում կխաթարվի սոցիալական արդարությունն ու համերաշխությունը հասարակության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է  ներկայումս գործող պրոգրեսիվ հարկման համակարգի փոխարեն կիրառել համահարթեցված դրույքաչափ, այսինքն եթե ներկայումս 23, 28, 36 տոկոս է դրույքաչափերը կախված եկամտից, հիմա առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս, այսինքն շատ եկամուտ ստացողն ու քիչ աշխատավարձ ստացողը վճարելու են նույն չափով եկամտահարկ։ Սա անարդար մոտեցում է, քանի որ դրա արդյունքում խաթարվում է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը հասարակության մեջ։

Մեր երկիրը սոցիալական պետություն է, ուստի պետությունը այս դրույթից ելնելով ստանձնում է մի շարք պարտավորություններ. շատ ունեցողը պետք է հարաբերականորեն շատ վճարի, քանի որ պետությունը շատ եկամուտ ունեցողի համար հարաբերականորեն կատարի ավելի մեծ աշխատանքներ, մատուցում է ավելի մեծ ծառայություններ, քան քիչ ունեցողի համար»,–նշեց նա։

Տնտեսագետը շեշտում է՝ այս կառավարությունը փորձում է տնտեսական աճի նոր ներառականության սահմանում տալ, որը սխալ է.   «Այս կառավարությունը, ինչպես նախորդ կառավարությունը հռչակել էին ներառական տնտեսական աճի ապահովում, որը ենթադրում է, որ այդ աճից պետք է օգտվի հասարակության մեծ մասը, իսկ ներկայումս այս կառավարությունը փորձում է նոր ներառականության սահմանում տալ, ըստ որի ներառականությունը հասարակության մեծ մասի մասնակցությունն է, որը սխալ է, համաշխարհային տնտեսագիտական տեսության մեջ նման մոտեցում չկա, ներառականությունը ենթադրում է, որ այդ աճը պետք է բաշխվի հասարակության բոլոր անդամների միջեւ, իսկ պրոգրեսիվ հարկային համակարգը կոչված է դրա համար»։

Սուրեն Պարսյանը նկատում է՝ եկամտահարկի համահարթ մոտեցումը չի նպաստի, որ մենք ունենանք ավելի որակյալ կադրեր.  «Երբ ասում ենք հարկային դրույքաչափերը եկեք սահմանենք 23 տոկոս, որը գրավիչ կլինի ներդրողների համար, կա խնդիր, որ երբ ներդրողը գա մեր երկիր, նրան պետք են լինելու որակյալ եւ առողջ կադրեր, արդյոք մեր պետությունը այս հարկային համակարգի միջոցով կարող է ապահովել առողջ կադրերով, իհարկե ոչ»։

Նրա համոզմամբ՝ ճիշտ չէ նաեւ կառավարության որդեգրած ծայրահեղ լիբերալ մոտեցումը. «Այս կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով, ամեն ինչ թողնելով շուկային, բայց շուկան անարդարացի է բաշխում, սրա հետեւանքով եկամուտների բեւեռացում է լինելու, ուստի մենք պետք է բացառենք այսպիսի հարկային օրենսդրությունը, որը տանելու է սոցիալական բունտերի»։

Պարսյանի կարծիքով՝ պարտադիր կուտակային ամբողջապես ներդրման արդյունքում չեն շահի նաեւ բարձր եկամուտ ստացողներ, քանի որ նրանք վճարելու են ոչ թե 5, այլ 10 տոկոս. «Նոր կառավարությունը փորձում է ամբողջ ծավալով ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը 2020 թվականից 500 հազար եւ ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ոչ թե 5, այլ տոկոս, այսինք տեղի է ունենում հետեւյալը՝ պետությունը առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը, 10 տոկոս կուտակային վճարը ավելացնելու պայմանով, ուստի բարձր աշխատավարձ ստացողնեռրը չեն շահելու»։

Տնտեսագետը նաեւ շեշտում է՝ պետությունը բարձր եկամուտ ստացողներին զիջելով եկամտային հարկի հարցում պետբյուջե մուտքերն փորձում է ապահովել փոքր ու միջին բիզնեսի հաշվին, ակցիզային հարկերի օգնությամբ։