Կորոնավիրուսի ախտանիշներ. Սովորաբար ինչպե՞ս է արտահայտվում COVID-19-ի թեթեւ եւ ծանր ձեւը

49

Կորոնավիրուսով վարակված մարդկանցից ամենեւին ոչ բոլորն են բախվում միեւնույն ախտանիշներին: Ոմանց մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, եւ ախտանիշներ գործնականում չեն դրսեւորվում, մյուսների մոտ բավականին արագ բարդություններ են զարգանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ընթացքի դեպքում առավել հաճախ լինում են հետեւյալ ախտանիշները.

  • հարբուխ
  • կոկորդի ցավ
  • հազ
  • մարմնի բարձր ջերմություն:

Հաճախ այս ախտանիշներն ինքնաբերաբար վերանում են, եւ պացիենտը բուժման կարիք չի ունենում:

Սակայն որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ավելի ծանր ձեւով եւ թոքաբորբ կամ շնչառական անբավարարություն առաջացնել: Այս դեպքում գլխավոր ախտանիշներն են.

  • հազ (սովորաբար չոր)
  • մարմնի բարձր ջերմություն
  • շնչելու դժվարություններ, օդի անբավարարություն:

Խորհուրդ է տրվում այս ախտանիշների դեպքում բժշկի դիմել: Եթե վերջին շաբաթների ընթացքում երկիր եք այցելել, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, այդ մասին անպայման հայտնեք բժշկին:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում բարդությունների զարգացման վտանգը առավել մեծ է տարեցների եւ այն պացիենտների շրջանում, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեն, ինչպես՝ հիպերտոնիա, ասթմա, շաքարային դիաբետ կամ սրտի հիվանդություններ:

ԱՀԿ տեղեկություններով՝ COVID-19-ի ինկուբացիոն շրջանը կազմում է միջինը 14 օր: Սակայն որոշ բժիշկներ ասում են, որ կարող է տեւել մինչեւ 24 օր: Վերջին տեղեկություններով՝ դեպքերի մեծ մասում վերեւում թվարկված ախտանիշները սկսում են դրսեւորվել վարակվելուց հետո 5-րդ օրը: