ՇՊՀ նախկին ռեկտորը 2 դատական հայց է ներկայացրել դասախոսի դեմ

145

Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը 2 դատական հայց է ներկայացրել նույն համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը` նշելով, որ հայցերը վերաբերում են նախկին ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը վիավորելուն:

«Նա մի անգամ էլ էր նման հայց ներկայացրել, սակայն դատարան չներկայացավ, եւ չգիտես ինչու՝ ինչպես առաջին բողոքը, այնպես էլ այս երկու բողոքներով գործը մակագրվել են Սահակ Մինասյանի թաղի աղջիկ Լիլիթ Խաչատրյանին, որի կապերի վերաբերյալ Սահակ Մինասյանի հետ, ինչպես նաեւ կոմպետենտության վերաբերյալ ես շատ խիստ կասկածներ եմ հայտնել դեռ անցած տարվա ձմռանը եւ նրան անվանել եմ սահակապաշտպան, եւ հիմա հատուկ համակարգիչը պարոն Սահակյանի գործերի համար ընտրում է նրան»,- ասաց Համբարյանը:

Նա նշեց, որ Սահակ Մինասյանի անվան հետ կապված չարաշահումների առթիվ հարուցված քրգործերով նույնպես նորություն չկա, ինչ ինքը նույնպես պատահականություն չի համարում:

«Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած մարդիկ հիմա բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, եւ ես չեմ զարմանա եւ չեմ էլ բացառում, որ այդ մարդիկ ազդեն նախաքննության վրա: Եվ պատահական չեմ համարում, որ ՊԵԿ-ի կողմից հարուցված քրեական գործով՝ կապված ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բիզնես գործունեության վերաբերյալ, ոչ մի առաջընթաց չկա: Դա հայտնի կարկանդակի եւ բուլկու ապօրինի արտադրամասին էր վերաբերում, որի գործունեությամբ ՇՊՀ-ին բավական մեծ վնաս է հասցվել: Բացի այդ՝ շատ մեծ չարաշահումներ ես ինքս եմ հայտնաբերել «Նորկենտ» ծրագրում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ եւ որին շատ ակտիվ մասնակցում է Կրթության եւ գիտության նախարարությունը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնեցին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Նրանց հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն դեռեւս արդյունք չկա։ Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է դասավանդել համալսարանաում։