COVID-19 կորոնավիրուսի առաջին ախտանիշները

209

COVID-19 կորոնավիրուսային վարակը սովորաբար սկսվում է երկու ախտանիշով` տենդ եւ հազ: Այս մասին նշվում է New England Journal of Medicine-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

 

Չինացի գիտնականները վերլուծել են 552 հիվանդանոցից 1099 հիվանդի տվյալները, որոնց մոտ COVID-19 էր հայտնաբերվել: Հոսպիտալացման պահին հիվանդների 44 տոկոսի մոտ ջերմություն է եղել, իսկ 88 տոկոսի մոտ հիվանդանոցում գտնվելու ընթացքում տենդ է եղել: Հազ է եղել հիվանդների 67 տոկոսի մոտ: Կորոնավիրուսային վարակի նկարագրության մեջ նշված ախտանիշներից առավել հազվադեպ է եղել լուծը: Դրանից կորոնավիրուսի ավելի վաղ փուլում տառապել է հիվանդների 3.8 տոկոսը:

 

Հետաքրքիր է, որ հիվանդության մեղմ արտահայտությամբ հիվանդների 17.9 տոկոսը եւ ծանր դեպքերի գրեթե 3 տոկոսը համակարգչային տոմոգրաֆով վերցված պատկերներում թոքաբորբի մասին վկայող պաթոլոգիական փոփոխություններ չեն եղել: Սա, ըստ մասնագետների, բարդացնում է ախտորոշումը:

 

Ավելի վաղ բժիշկներն արդեն նկարագրել էին COVID-19 ախտանիշները: Փետրուարի 7-ին JAMA ամսագիրը մի ուսումնասիրություն էր հրապարակել, որում վերլուծում էր առաջին 138 վարակվածի հիվանդության ախտանիշները: Ամենատարածված ախտանիշներն էին տենդը, հոգնածությունը եւ չոր հազը: Մկանային ցավը եւ աճող հոգնածությունը նույնպես շատ տարածված էին: Ոչ հատուկ ախտանիշները, ինչպիսիք են լուծը եւ սրտխառնոցը, հանդիպել են հիվանդների 10 տոկոսի մոտ:

 

 

Ինտենսիվ բուժում պահանջող շնչառության լուրջ խնդիրներ ի հայտ են եկել հիվանդների մեկ երրորդի մոտ: Դրանք զարգացել են ախտանիշների առաջացումից մոտ 8 օր հետո: