Ի՞նչ է իրականում թաքնված կորոնավիրուսի քողի տակ. քրեաօլիգարխիան գնաց, իսկ ի՞նչը մնաց

144

Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան վիճակագրության, դրան պաշտոնական անդրադարձերի ֆոնին աշխուժացել են քննարկումները այն հարցի շուրջ, որ Հայաստանում համաճարակային վատ վիճակագրության պատճառը հանրության անկարգապահությունն ու անօրինությունն է: Հայաստանում հանրային օրինապահության, կարգապահության, ընդհանրապես հանրային համակեցության մշակույթի հետ կապված խնդիրների առկայության մասին հայտնի է թերևս Նոյյան տապանից: Կատակը կատակ, սակայն բացարձակապես նորություն կամ առավել ևս գաղտնիք չէ այն, որ Հայաստանում հասարակությունը ունի այդ խնդիրները: Ավելին, նաև դրանց պատճառով է, որ անկախության շրջանում արդիական պետականություն կառուցելու փոխարեն, մենք ստեղծեցինք քրեաօլիգարխիայի հիբրիդը, որից հաջողվեց ազատվել 2018-ի ապրիլին: Որպես համակարգ, որպես քաղաքական իշխանություն ազատվելը հաջողվեց, բայց որպես մտածողություն՝ ոչ: Եվ դա գլխավոր մարտահրավերն է, որ առկա է Հայաստանում:

Կորոնավիրուսի համաճարակը մեզ առերեսել է այդ գլխավոր մարտահրավերի դեմ: Եվ բանն այն է, որ վարակը, իհարկե, կանցնի, կամ պատվաստանյութը կգտնվի, կամ հանրային բնական իմունիզացիայի արգելապատնեշը կձևավորվի, իսկ մտածողության խնդիրը կմնա: Կմնա, և ոչ ոք չգիտե, թե ապագայում ինչ առիթներով կամ իրադարձությունների ինչպիսի ընթացքի բերումով մենք կառերեսվենք դրա հետ:

Ըստ այդմ՝ առանցքային է, թե դրա հետ ներկայիս առերեսումը ինչ եզրակացության ու հետևության է բերելու մեզ՝ բոլորիս: Այստեղ, ահա, շատ կարևոր է դառնում մի հանգամանք: Իհարկե, կարգապահությունը կարող էր էական դեր ունենալ համաճարակի կանխարգելման կամ տեմպի նվազեցման հարցում: Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ ընդամենը մի քանի շաբաթում հնարավոր չէ փոխել մի մտածողություն, որ գալիս է ինչ-որ իմաստով անգամ հարյուրամյակների խորքից: Ըստ այդմ, արդեն այսօր անհրաժեշտ է անել կարևոր արձանագրումը՝ Հայաստանում մշակութային, արժեհամակարգային հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է, էական հանգամանք երկրի դիմադրունակությունը բարձրացնելու առումով:

Ավելին