Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ գեյ է եղել, սակայն «բուժվել» է նախկին տիկնոջ շնորհիվ

146

Ճապոնիայում միջոցառման ժամանակ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ նախկինում գեյ է եղել, սակայն նրան «բուժել են հիանալի կանայք», գրում է Independent-ը:

Տոկիոյում ֆիլիպինյան համայնքի հետ հանդիպման ժամանակ Դուտերտեն ասել է, որ «կրկին դարձել է տղամարդ» իր առաջին տիկնոջ՝ Էլիզաբեթ Ցիմերմանի հետ հանդիպումից հետո:

Այդկերպ երկրի նախագահը փորձել է պատասխանել իր ոխերիմ քննադատ, սենատոր Անտոնիո Թրիլանեսին:

«Լավ է, որ Թրիլանեսը եւ մենք նման ենք: Սակայն ես բուժվել եմ: Երբ ես սկսել եմ հանդիպել Ցիմերմանի հետ (Դուտերտեի նախկին տիկին), ասել եմ՝ ահա եւ կրկին դարձա տղամարդ»,-հայտարարել է Դուտերտեն:

Իր արտասովոր ելույթն ավարտելիս 71-ամյա նախագահը բեմ է հրավիրել կանանց վերջիններիս համբուրելու համար:

«Նախ, դուք չպետք է ամուսնացած լինեք, այնուհետեւ, դուք չպետք է անչափահաս լինեք»,-պարբերականը մեջբերում է նախագահի խոսքերը՝ հղում անելով ֆիլիպինյան ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ, չնայած երկրի նախագահը ներկայանում է ԼԳԲՏ համայնքի հավասար իրավունքների օգտին, այդուհանդերձ նա համոզված է, որ ամուսնությունը պետք է գրանցվի միայն տղամարդու եւ կնոջ միջեւ: