Չգրանցված աշխատողները կարող են օգտվել մյուս ծրագրերից. Զարուհի Բաթոյան

463

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս անդրադարձավ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերին: ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե չգրանցված աշխատողները որևէ ծրագրով օգնություն չեն ստանում: Գիտենք, որ ամենախոցելի խավը հենց նրանք են՝ բանվորներ, մատնահարդարներ, շինարարներ և այլն, ովքեր ապրում են օրավարձով: Որքանո՞վ է արդար նրանց որևէ ծրագրում չընդգրկելը: Ի պատասխան մեր հարցի՝ նախարարն ասաց, որ նշված խմբերը կարող են ընդգրկված լինել մյուս ծրագրերում, որոնք վերաբերում են անչափահաս երեխաներին կամ գազի, էլեկտրաէներգիայի փոխհատուցման մասով նախատեսված ծրագրերում. «Սոցիալական ծրագրերի 9-րդ միջոցառումն ուղղված է հենց չգրանցված կամ օրավարձով աշխատողներին, այսինքն այն մարդկանց, ովքեր փաստացի գրանցված աշխատանք չունեն, սակայն այն անձանց, ում ընտանիքում կան անչափահաս երեխաներ: Պարետի հայտարարությունը և կառավարության որոշումը սահմանափակումները հանվում են հատկապես բացօթյա շինարարության դեպքում, այնպես որ այս կարգավորումը մեծ ազդեցություն կունենա նաև այս աշխատակիցների վրա և իրենք այլևս խնդիր չեն ունենա»,- ասաց Բաթոյանը: Նա նշեց, որ չգրանցված աշխատողներին կարող է վերաբերել նաև 7-րդ միջոցառումը, եթե խոսքը հղի կնոջ մասին է և, եթե նա ու ամուսինը չեն աշխատում: Մեր հաջորդ հարցին, թե քաղաքացիները դժգոհում են, որ սոցիալական աջակցության ծրագրերի կայքէջերը չեն բացում, պատասխան նամակը չեն ստանում կամ ստանում են մեկ ժամ հետո, արդյոք տեխնիկական խնդիրներ կան, թե՞ ոչ, Բաթոյանը պատասխանեց. «Տեխնիկական խնդիրն առաջացել է երեկ 9-րդ ծրագրի գործարկման պատճառով և դեռևս կարգավորված չէ և առաջիկա ժամերին կկարգավորվի: Խնդիրը կապված է քաղաքացիների չափազանց շատ դիմումների թվով»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ իրենք 45 հազար դիմում ենք ստացել, որոնցից 27 հազարն է հաստատվել, մյուս մասը մերժվել է տարբեր պատճառներով: