Շեմն ընդլայնվեց. կփոխհատուցեն փետրվարին մինչեւ 30 հազար դրամի գազ եւ մինչեւ 10 հազար դրամի հոսանք սպառած բնակիչներին

139

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։

 

Ըստ այդմ սահմանվում է, որ այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազի եւ էլեկտրաէներգիայի այն սպառող բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են

 

— բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ

 

— էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

 

Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց 30 տոկոսի չափով։

 

Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:

 

Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Նրանց դեպքում՝ փոխհատուցումը 50 տոկոս էր