Էստեղ մտածելու բան պետք է ունենա ՀՀ նախագահը. Նաիրա Զոհրաբյանը` Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

174

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ չի քննարկել եւ որոշել` ինպես կքվեարկի Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելու հարցը:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այս հարցը խմբակցությունը կքննարկի առաջիկա նիստին:

«Մեր խմբի իրավաբաններին հանձնարարված է ճշտել հարցի սահմանադրականությունը եւ դրանից հետո` նիստի ժամանակ, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:

Հարցին, թե Վահե Գրիգորյանին ր անգամ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու հարցում սահմանդրականության խախտում արդյոք չի առաջանում, պատգամավորը դժվարացավ պատասխանել` նշելով, որ այս հարցում ինքը վստահում է իրավաբաններին եւ սահմանադրագետներին:

«Ես կդժվարանամ մի փոքր այդ հարցին պատասխանել, քանի որ սահմանադրագետները այս հարցում բաժանված են երկու կարծիքի մի մասը գտնում է, որ Սահմանադրությանը որեւէ հակասող բան չկա, մի մասը գտնում է, որ կա եւ քանի որ ես սահմանադրագետ չեմ, ես սովոր եմ վստահել բացառապես պրոֆեսիոնալներին , ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական հնչեցնելուց, ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ որպես իրավաբան եւ որպես սահմանադրագետ Վահե Գրիգորյանը բացառիկ պրոֆեսիոնալներից մեկն է, բայց որքանով  է նրա առաջադրումը օրենքի շրջանակներում, դրա գնահատակյանը պետք է տան սահմանադրագետները եւ կարծում եմ խորհրդարանական քննարկումների ժամանակ էդ հարցը կլինի հիմնական քննարկման խնդիրներից մեկը»,- նշեց տիկին Զոհրաբյանը:

Հարցին, թե ժամանակին Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ էր համարում նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ  այժմ առաջադրվում է նրա կողմից Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ոչ միայն ասել էր ոչ լեգիտիմ, այլեւ նախագահի վերաբերյալ ասել էր հեքիաթներ ասող, արտաբերող տխմարագույն ճառ ասող անձնավորություն, կարծում եմ` էստեղ մտածելու բան պետք է ունենա հանրապետության նախագահը եւ ոչ թե ես կամ դուք»:

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է:

Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»,- ասել էր նա: