Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում

68

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունից հետո թեև չի շտապում կտրուկ քայլեր իրականացնել, սակայն ուշի-ուշով հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին: Դրա վկայությունը ժամանակ առ ժամանակ հասարակությանն ուղղված հանգստություն ու հանդարտության կոչերն են, որոնք խոսում են պետական մտածողություն և բարձր պատասխանատվություն ունեցող գործչի որակների մասին: Վանեցյանի դիտարկմամբ համավարակն իր հետ բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ, սակայն նման բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, այնուամենայնիվ, նա կոչ է անում այս դժվարին ժամանակահատվածում համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:

 

«Այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների: Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ»,- գրել է Ա. Վանեցյանը:

 

Ի տարբերություն պղտոր ջրում ձուկ որսացող որոշ ըննդիմադիրների, Վանեցյանի կողմից հնչեցված՝ պետության շուրջ համախմբվելու կոչերն է՛լ ավելի են վստահություն ներշնչում, քանի որ այս դեպքում, ինչպես երևում է, գործ ունենք սթափ և պետության շահը սեփական ամբիցիաներից վեր դասող հասարակական-քաղաքական գործչի հետ, որի կարիքը, հավատացեք, շատ կա: Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված նրա հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում, որ կորոնավիրուսային մղձավանջի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, Վանեցյանին կհաջողվի իր շուրջը համախմբել արտախորհրդարանական ըննդիմադիր ուժերին և վերջ դնել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին: