Երևանի բնակիչներից մեկի գազն անջատել են. Կինն այս օրերին աշխատանքի չի գնում, չի վարձատրվում

217

Փաստինֆո»-ն Երևանի բնակիչներից մեկից ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր տան գազն անջատել են և անգամ չեն լսել բնակչի խնդրանքը` կոմունալ վճարումն իրականացնել մի փոքր ուշ:

 

Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչը, ում անհատական տվյալները չենք հրապարակում նրա խնդրանքով, «Փաստինֆո»-ին պատմեց, որ այս օրերին տանն են և աշխատանքի չեն գնում, չեն էլ վարձատրվում: Չունեն այլ կոմունալ վճարման որևէ պարտք, սակայն երբ այսօր գազի տեսուչն այցելել է այս ամսվա վճարը վերցնելու, բնակիչն ասել է, որ չի կարող վճարել: Արդյունքում այժմ բնակարանում գազ չկա. «Ամուսինս այստեղ չէ, երկու երեխաներիս հետ եմ ապրում: Այս օրերին աշխատանքի չեմ գնում, աշխատավարձ էլ չեմ ստանում: Այժմ մինչ այս հավաքած գումարով ենք ապրում, որ գազի վարձը հիմա տայի, գումարը կվերջանար: Չվճարված պարտք չունեմ, իսկ ամսվա վճարը կազմել է 5000 դրամ: Միևնույն է վճարելու եմ այդ գումարը, բայց այս նեղ մաջալին գալ գազի գումար ուզել: Տեսուչը դուռը ծեծեց, լսեց, որ չեմ վճարելու ու միանգամից բարձրացավ գազն անջատեց: Չհասցրեցի անգամ խնդրեմ, որ մի փոքր ուշ վճարեմ»,-ասաց կինը:

 

Վերջինս, սակայն, տեղյակ չէ, շենքում միակն է, ում գազն այս պահին անջատված է, թե այլ բնակիչներ ևս կան:

 

«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, պարետատան խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով ասաց. «Կոմունալ վճարումները հետաձգելու հետ կապված այս պահին որևէ քննարկում չի ընթանում: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին, ապա ինքս պետք է ծանոթանամ, թե ինչ է եղել և համապատասխան մարմնին խնդրեմ, որ զբաղվի դրանով»,-ասաց Մանե Գևորգյանը: «Փաստինֆո»-ի խմբագրություն ահազանգած կնոջ տվյալները փոխանցել ենք պարետատան մամուլի խոսնակին:

 

Աղբյուր` Փաստինֆո