Դա պրակտիկորեն անհնար է դարձնում չարաշահումներ բացահայտելը. Հոկտանյանը՝ գնումների գործընթացը փակելու մասին

142

Նախկինում երբ պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը բաց էր, իրականում էլի ոչինչ չէր հրապարակվում:  Այս մասին այսօր` հունիսի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան` անդրադառնալով  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած գնումների մասին օրենքում  փոփոխություններ կատարելու  առաջարկին:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ որ դա բաց էր, բայց գնումների կայքում չէիք գտնի, թե որ կազմակերպություններն են գնումներ արել հատկապես 3 առաջին դեմքերի համար, իրականում դա չէին էլ դնում: Դրա համար մենք մեծ ջանքեր էինք գործադրում , որ պարզեինք, իսկապես դա խնդիր էր նաեւ այն ժամանակ, ձեւական թույլատրվում էր,  բայց իրականում ոչ մի բան չէր դրվում»,- ասաց նա:

Վարուժան Հոկտանյանի խոսքով` գնումների գործընթացում հիմնականում ռիսկային է մեկ անձից գնումներ կատարելը, երկրորդը գնման առարկայի բնութագրերն է, այսինքն պետք է հասկացվի ուռճացված են գները, թե` ոչ . «Դա դժբախտաբար հայտնի մարտավարություն է եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս երկու խնդիրներն են, եւ ես չէի ասի, որ իսկապես մեծ գաղտնիք կարող են պարունակել, լավ անունը չեք ասի, բայց գնման գործընթացն ինչ ձեւով է արվել եւ գնման առարկայի բնութագրերը»:

ՀԿ նախագահը հավելեց, որ իրականում կարեւոր չէ, թե ինչ մարմին է իրականացնում գնումները. պետության առաջին դեմքերը, թե ոստիկանություն ը կամ այլ մարմին, եթե կա չարաշահում դա պետք է բացահայտվի իսկ այս դեպքում գործընթացը փակելը պրակտիկորեն անհնար է դարձնում չարաշահումները բացահայտելը, առավել եւս, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետին են ենթարկվում եւ չկա խորհրդարանական   վերահսկողություն:

Հոկտանյանը նշեց, որ լավ կլիներ քննարկմանը մասնակցեր նաեւ Կառավարության ներկայացուցիչը, ով կբացատրեր թե ինչ պատճառաբանությամբ չպետք է հրապարակել պետության առաջին 3 դեմքերի գնումների գործընացը:

Նշենք, որ մայիսի 29-ին խորհրդարանը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած գնումների մասին օրենքում  փոփոխություններ կատարելու  առաջարկը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը: Այս  նախագծով ընդդիմադիր խմբակցությունը փորձում էր  պաշտոնատար անձանց, մասնավորապես` երկրի առաջին դեմքերի` նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի գնումները դարձնել թափանցիկ: