Հայաստանում ամեն 10 երեխայից 7-ը պարբերաբար ենթարկվում է բռնության. Փորձագետ

219

Հայաստանում ապրող երեխաներից 10–ից 7-ը պարբերաբար ենթարկվում է բռնության՝ հիմնականում ֆիզիկական կամ հոգեւոր բռնության։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն  Ժիրայր Էդիլյանը։

«Այստեղ մենք  գործ ունենք ոչ միայն մեծահասակների կողմից գործադրվող բռնության մասին, այլ նաեւ լայն տարածում ունի երեխաների միջեւ բռնությունը։ 15-17 տարեկան տղաների շրջանում ամեն 2-րդ տղան ենթարկվում է բռնության կամ մաս է հանդիսանում։ Աղջիկների պարագայում համեմատաբար ցածր է ցուցանիշը, բայց եվրոպական երկրների համեմատ այդ ցուցանիշները շատ մտահոգիչ են մեզ համար»,–նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրենը։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանն իր հերթին շեշտեց՝ այն երեխաները, որոնք ընտանիքում ենթարկվում են բռնության, առավել հակված են բռնարար դառնալուն. «Առհասարակ կա տեսակետ, որ բոլոր տեսակի բռնությունների հիմքում ընկած է ընտանեկան բռնությունը։  Բռնության հետեւանքը միայն երեխայի այտին մնացած կարմիր հետքը չէ, բռնության հետեւանքներն ավելի ցավալի են, ավելի երկարատեւ, քան մենք կարող ենք պատկերացնել»։

Փորձագետը նկատեց՝ բռնությունն իսկապես հետեւանքներ է թողնում մարդու առողջության վրա. «Մեծ Բրիտանիայի առողջապահական հետազոտությունների ինստիտուտը մի հետազոտություն է կատարել կանանց շրջանում՝ համեմատել է այն կանանց հետ, որոնք մինչեւ 18 տարեկանը պարբերաբար բռնության են ենթարկվել նրանց հետ, որոնք չեն ենթարկվել։ Պարզվել է, որ այն կանայք, ովքեր պարբերաբար ենթարկվել են բռնության, մինչեւ 50 տարեկանում մահվան հավանականությունն 80 տոկոսով ավելի է, քան այն կանանց, ովքեր բռնության չեն ենթարկվել»։

Աիդա Մուրադյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած մեկ այլ հետազոտության արդյունքները ցույց են տալիս բռնության ու հոգեկան առողջության միջեւ կապը. «Հոգեկան խնդիրների 30 տոկոսը կախված են մանկության ընթացքում  բռնության ենթարկվելու փաստի հետ»։

Նա, միաժամանակ հավելեց՝ Երեխաների պաշտպանության ցանցի  կողմից իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է՝ ծնողների 67 տոկոսը բռնությունը դաստիարակության արդյունավետ մեթոդ չի համարում,

Շնողները նաեւ նշում են, որ որեւէ այլ մեթոդի չեն տիրապետում. «Ժամանակակից աշխարհում ծնողավարությունը հոգեբանության ամենալայն ուսումնասիրվող ճյուղն է։ Դա տալիս է հազարավոր հուշումներ, մեթոդներ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի երջանիկ, ավելի կայացած, ավելի առողջ երեխա դաստիարակել։ Ստացվում է, որ ամենակարեւոր մասնագիտության մասին՝ ծնող լինելու մասին մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում, ոչ դպրոցում, ոչ բուհերում»։

Նրա համոզմամբ՝ այն երեխաներ, որոնք պարբերաբար ծեծի են ենթարկվում, ընդունում են ծեծը որպես խնդիրների լուծման ունիվերսալ մոտեցում.  «Պետք է հիշենք, որ չկա օրվա կոնկրետ ժամ, պահ, վայր, որտեղ ու երբ պետք է դաստիարակել երեխաներին։ Նրանք ապրում են մեզ հետ ու սպանուգի նման կլանում են այն ազդեցությունը, որում մեծանում են։ Հետեւաբար ծնողներն են հանդիսանում երեխայի համար այն էտալոնը, ում նայում են ու ընդօրինակում են»։