Իրենք ասֆալտի վրա են մեծացել, չեն հասկանում այս հողն ինչ է. Արմավիրի ջրտնտեսության կոմիտեի աշխատակիցները ցույցի են ելել

170

Արմավիրում ջրային տնտեսության կոմիտեի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 31–ին, շրջափակել են Կոմիտեի շենքը. նրանք պահանջում են իրենց աշխատավարձերը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Աշխատակցի խոսքով՝ աշխատանքից դուրս չգալու պատճառը միայն մեկն է, կարծում է այդ դեպքում հնարավոր է ընդհանրապես զրկվեն իրենց աշխատավարձերից։ Նրա խսքով իրենց  նորանշանակ տնօրենը մի քանի նագամ դիմել է տարբեր կառույցների, բայց ոչ մի լուծում չեն տալիս, պատճառաբանելով, որ կոմիտեն պարտքեր ունի։

«Իրենք ասֆալտի վրա են մեծացել, չեն հասկանում այս հողը, բույսը ինչ է։ Մարդիկ գալիս են՝ պետական պաշտոնյաներ, պոմիդորի քոլը չեն տարբերում կարտոֆիլի քոլից, բայց ղեկավար են մեզ, ի՞նչ ղեկավարության մասին է խոսքը»,– ասաց աշխատակիցը։

Ջրային տնտեսության կոմիտեի նորանշանակ տնօրեն Ռազմիկ Գաբրիելյանը այս վիճակը բացատրել է նրանով, որ 2018թ.–ին գանձումների միայն 30%-ն է կատարվել այդ իսկ պատճառով պարտքեր են կուտակվել։

«Կան հին պարտքեր, նոր պարտքեր եւ այս պահին չվճարածներ. բավականին մեծ գումար է կուտակվել։ Դիմել եմ մեր վերադասին՝ Ջրային պետական կոնմիտե, մտածում են այդ ուղղությամբ, որպեսզի տեսնեն ինչ է հնարավոր անել»,– ասաց Գաբրիելյանը։

Աշխատակիցներից մեկի խոսքով էլ խնդիրը սկսել է 2017թ.–ից, երբ հիմնարկները խոշորացրել են։

«Նույն խնդիրն անցած տարի գարնանն էր, մարդիկ 5–6 ամսով աշխատավարձեր չէին ստացել, բայց կարողացան գոնե 90%-ով տրամադրել։ Այս խոշորացումը դժվար է, եթե մեր նորանշանակ տնօրենն էլ ասի, որ կարող է, մեկ է չի կարող, որովհետեւ կառավարությունը գումար չի տալու, ասելու է վճարները հավաքեք այդտեղից աշխատավարձերը տվեք»,– ասաց աշխատակիցը։

Աշխատակիցների խոսքով մինչեւ երկուշաբթի շարունակելու են մնալ եւ շարունակել իրենց բողոքի ակցիան։