ԱՊԼ գլխավոր քարտուղարը՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր պատերազմի մասին

151

Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր պահվածքը եւ դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին։ Այս մասին Մեքքայում գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը որոշել է իր ռազմածովային ուժերը եւ այլ զորքեր ուղարկել Իրանի ագրեսիային դիմակայելու համար, բայց նա պատերազմ չի ցանկանում,- ասել է նա։- Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք, կապրենք՝ կտեսնենք»։ Լիգան, ասել է դիվանագետը, այս հարցում ելնելու է այն դիրքորոշումից, որն ամրագրված է ամփոփիչ կոմյունիկեում, եւ տարածաշրջանում Իրանի հետագա գործողություններից։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի միջամտությունը արաբների գործերին եւ վերանայի իր պահվածքը տարածաշրջանային ասպարեզում։ Եթե դա տեղի ունենա, ես չեմ կարծում, որ թշնամական եւ ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ։ Բայց տեսնենք»,- ընդգծել է տարածաշրջանային կառույցի գլխավոր քարտուղարը։

Իրաքը չի սատարել ամփոփիչ հայտարարությանը

ԱՊԼ գլխավոր քարտուղարն ասել է, որ Իրաքը չի համաձայնել աջակցել Սաուդյան Արաբիային Իրան քաղաքականությունը դատապարտելու գործում եւ հրաժարվել է մասնակցել Մեքքայի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության ընդունմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ցանկանում ենք բացատրել, որ չենք մասնակցել ամփոփիչ հայտարարության ձեւակերպումների կազմմանը։ Իրաքը գրանցել է իր անհամաձայնությունը ամփոփիչ հայտարարությանը ներկա ձեւակերպմամբ»,- արաբական հեռուստաեթերում Իրաքի պատվիրակության պարզաբանումը մեջբերել է Ահմեդ Աբդուլ Գեյթը։

Գագաթաժողովի բացման ժամանակ իր ելույթում Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հույս է հայտնել, որ ոչ մի պատերազմ Իրաքի եւ Իրանի միջեւ չի լինի։

ԱՄՆ-ը որպես ազդանշան Թեհրանին ՌԾՈւ հարվածային խումբ է ուղարկել USS Abraham Lincoln ավիակրի եւ ռմբակոծիչների մարտավարական խմբի գլխավորությամբ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որի մեջ մտնում են Մերձավոր Արեւելքն ու Կենտրոնական Ասիան։  Վաշինգտոնում ընդգծել են, որ չեն ձգտում առճակատման Իրանի հետ, բայց պատրաստ են պաշտպանել ԱՄՆ ուժերն ու շահերը տարածաշրջանում։

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր լրացուցիչ 1,5 հազար զինվորական Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին Թեհրանի հետ լարվածության սրացման հետ կապված։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր CNN-ը, ուղարկվել են նաեւ Patriot զենիթահրթիռային համալիրներ, հետախուզական ինքնաթիռ եւ անհրաժեշտ ուժեր «իրանական սպառնալիքը զսպելու համար»։

Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն այդ քայլը գնահատել է «որպես սպառնալիք գլոբալ խաղաղությանը եւ կայունությանը»։