Բանդաներ Արցախում չկան եւ չեն կարող լինել. Դավիթ Բաբայանը՝ Սամվել Բաբայանին

129

Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ տեղի ունեցած միջադեպին եւ դրա վերաբերյալ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բայց Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների եւ զինակից ընկերների ճանապարհը փակելու եւ հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի: Եթե ճիշտ են պնդում, եթե կան մեղավորներ, ովքեր օրենք են խախտել, բնական է՝ որեւէ մեկը արտոնյալ պայմաններ չպետք է ունենա:

Հետաքննությունից հետո կարելի կլինի տալ վերջնական գնահատական: Բայց եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն, պետք է պատժվեն, այլ ճանապարհ չկա:

Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին»:

Բացի այդ, Դավիթ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում հարցին, թե արդյոք  այդ միջադեպը կարելի՞ է դիտարկել վերջերս տարածված այն լուրի համատեքստում, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, մտահոգված լինելով գալիք նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանի հնարավոր հաղթանակով, ուզում են Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել Արցախ եւ ընտրել նախագահ, քանի որ համարում են, որ միայն նա կարող է հաղթել Սամվել Բաբայանին, պատասխանեց. «Ձեր կողմից նշված այս լուրը ինքնին անհեթեթություն է եւ շահարկում: Այսպիսի ապատեղեկատվությանը լուրջ վերաբերել պարզապես չի կարելի»: