Կրկնակի դիսփլեյով նոթբուքը ներկայացվել է Թայվանում Computex ցուցահանդեսին

216

Էլեկտրոնիկայի բոլոր նորույթները՝ սկսած խաղային սարքերից, պրոցեսորներից ու նոթբուքերից մինչեւ վիրտուալ իրականության հավաքածուներ ու ռոբոտներ, ներկայացվել են տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաների  Computex-2019 ցուցահանդեսին, որը բացվել է երեքշաբթի Թայբեում (Թայվան): Դրանում մասնակցում են շուրջ 1.7 հազար ընկերություններ, որոնցից են ոլորտի այնպիսի հսկաները, ինչպիսիք են Intel-ը, Dell-ը, Microsoft-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Asus թայվանական արտադրողը ներկայացրել է կրկնակի էկրաններով ZenBook Duo եւ ZenBook Pro Duo նոթբուքերը: Դրանց առանձնահատկությունը երկրորդ սենսորային դիսփլեյի առկայությունն է: Դրանում կարելի է տեղադրել կառավարման պանելն ու տարբեր հավելվածներ: Բացի այդ, օգտատերերը նաեւ կարող են կարգավորել այն որպես հիմնական էկրանի շարունակություն: Նորույթը կհանվի վաճառքի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, իսկ դրա արժեքը դեռ հայտնի չէ:

Իր 30-ամյակի առիթով Asus ընկերությունը ներկայացրել է նոր ZenFone 6 Edition 30 սմարթֆոնը: Այն ստեղծվել է ZenFone 6 մոդելի հիման վրա եւ կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 3 հազար նմուշ:

Ուրիշ նորույթներ

Մեկ ուրիշ թայվանական հսկա Acer ընկերությունը ներկայացրել է ConceptD 7 նոթբուքը, որը պատկանում է ConceptD խմբին: Այն իրենից ներկայացնում է աշխատանքային կայան, որը համալրված է NVIDIA Quadro RTX 5000 հզոր վիդեոքարտով եւ մշակված է հատուկ ինժեներների ու գրաֆիկական դիզայներների համար:

Computex 2019-ին HP ընկերությունը ներկայացրել է Elite x2 G4 հիբրիդային պլանշետային համակարգիչը, որը կառուցված է Intel-ի պլատֆորմի հիման վրա: Այն կներկայացվի մի քանի մոդիֆիկացիաներում:

Lenovo չինական հսկան սպառողների ուշադրությանն է ներկայացրել ներկառուցված 5G-մոդեմով առաջին նոթբուքը, որն աշխատում է ամերիկյան Qualcomm  ընկերության Snapdragon 8cx պրոցեսորի հիման վրա:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 1-ը. 5 օրվա ընթացքում այցելուների թիվը կհասնի մի քանի տասնյակ հազարի: Այդ օրերին կանցկացվեն տարբեր թեմատիկ սեմինարներ ու ֆորումներ եւս: Բացի այդ, մասնագետների եւ ներդրողների ուշադրությանն են ներկայացվել 402 նորարարական ստարթափ նախագծեր 24 երկրներից: