Ներդրումները եղել են, կան, դրանք գտնվում են տարբեր փուլերում. Տիգրան Խաչատրյան

167

Ամուլսարի հանքավայրի հարցով փորձաքննության արդյունքների ավարտին շատ ժամանակ չի մնացել, բայց դեռ փորձաքննության վերջնական արդյունքները չկան: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը այդ հարցի մասին կկարողանա խոսել, երբ պաշտոնապես հաստատվեն այդ արդյունքները:

«Այս հարցի մասին կարող եմ խոսել, երբ իրենք պաշտոնապես կհաստատեն ու կդառնան հրապարակային, այս պահին որեւէ բան հայտնի չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի, թե Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են:

Խաչատրյանն անդրադարձավ նաեւ ներդրողների համար 1 պատուհանի սկզբունքին, որն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության, պետք է ստեղծվեր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից։ Խաչատրյանի խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են։

«Աշխատանքը 2 մասից է բաղկացած՝ առաջինն «Ամիրֆ» հիմնադրամն է, որ ՓԲԸ-ի կարգավիճակ ունի, ղեկավարությունը ձեւավորված է։ Այս կազմակերպությունն աշխատելու է միայն խոշոր ներդրումային ծրագրերի հետ: Նպատակն այն է, որ ռեսուրսները կենտրոնացնել հատուկ նշանակության ծրագրերի շուրջ։ Մնացած մասը մենք շարունակում ենք ապահովել նույն կերպ, ինչպես գործում էր «Բիզնես Արմենիա» հիմնադրամում, նույնիսկ ընտրված աշխատակիցներն այնտեղի աշխատակիցներն են»,- ընդգծեց նախարարը:

Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ ներդրումներ կան եւ գտնվում են տարբեր փուլերում. «Դրանք վերաբերում են եւ՛ քաղաքաշինության, եւ՛ էներգետիկայի, եւ՛ վերամշակվող արդյունաբերության բնագավառներին։ Կան նաեւ տուրիզմին առնչվող որոշ ծրագրեր։ Միայն այն ծրագրերը, որոնցով ներդրողները դիմել են կառավարությանը՝ տեղեկացնելով իրենց առաջիկա անելիքների մասին, 5 տասնյակը գերազանցում են: Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Նա հավելեց, որ կառավարության ծրագրում նշված է, որ 5 տարվա ընթացքում պետք է ներդրումների ծավալը հաստնի ՀՆԱ 25 տոկոսին: