Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը

139

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը:

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ պետականության վերակագնումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ` Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։

Մայիսի 29-ին ՀՅԴ Բյուրոյի նիստում Հովհաննես Քաջազնունուն նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Մայրաքաղաքը դարձավ Երեւանը։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը:

Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:

Առաջին Հանրապետությունը գոյատևել է 2 ու կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտավ 11-րդ Կարմիր բանակը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:

1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: