Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 27․05․2019

161

 

 

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=MrQtmwwVrqg[/embedyt]Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները հանրահավաք էին անում Ազատության հրապարակում եւ ինչպես իրենք էին հայտարարել՝ ի պաշտպանություն վարչապետ Փաշինյանի եւ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի։ Սակայն ընթացքում էքսպրոմտ թեմաներ ավելացան, հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը նախազգուշացրեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանին Արցախում ընդունեն, «քարով կցխի Բակո Սահակյանի գլուխը» ։

Հաջորդ օրը Ջիվան Աբրահամյանին ոստիկանները բերման ենթարկեցին՝ սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով ։ Ջիվանը բաժնում կարճ մնաց, շուտով արդեն ազատության մեջ էր եւ հենց ոստիկանության բակում «լայվ» մտավ՝ հայտարարելով, որ օրենքով ոչ մի դատապարտելի բան չի արել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզում էր՝ մասնակցելու բիզնես համաժողովին, որ կոչվում է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի»։ Վարչապետը հայտարարեց՝ մեր մեծագույն խնդիրն է հնարավորինս շատ մարդկանց օժտել երազելու եւ այդ երազանքն իրագործելու համաձակությամբ։ Եւ առհասարակ, սա է, ըստ Փաշինյանի, մարզային բիզնես ֆորումների գլխավոր ուղերձը ։

Փաշինյանը նաեւ նվեր ստացավ՝ ձեռագործ ժիլետ՝ մաղթանքով, որ երբեւէ այն կրի պաշտոնական հանդիպումների ժամանակ ։

Ֆորումի հարեւանությամբ տաղավարներ էին դրված՝ հայկական արտադրության ապրանքներով, Փաշինյանը շրջեց սեղանից սեղան։ ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր բացատրել է, թե ինչու է ամուսնու հետ այդքան հաճախ մեկնում գործուղումների։ Պատճառն ինտիմ է։

Աննա Հակոբյանը երկու հիմնադրամ է ղեկավարում, որոնք բարեգործական են եւ որոնց միջոցները գոյանում են նվիրատվություններով։ Արդյոք բոլոր նվերները անխտիր ընդունվում են՝ անկախ ծագումից, որովհետեւ հնարավոր է բյուջեից գողացված նվեր լինի, հետաքրքվեց լրագրողը։

Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մեջ ԲՈԿ նախագահը նկատել է համընկնումներ, ըստ նրա՝ Ազարյանը 17 էջ արտագրել է  մեկ այլ դատավորի՝ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Լրագրողները հարցրին ԲՈԿ նախագահից՝ Սմբատ Գոգյանից, ինչու են հիմա ստուգել Ազարյանի ատենախոսությունը, արդյոք քաղաքական պատճառ կա՝ հաշվի առնելով, որ նա էր ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Պարզվեց՝ ոչ, դիմող է եղել, մի զայրացած գիտնական, որի անունը, սակայն, Գոգյանը չցանկացավ հրապարակել։  Լրագրողները հարցրին նաեւ Ռշտունու կարծիքը, որի մտքերն է, ըստ Գոգյանի, յուրացրել Ազարյանը։  Եթե հաստատվի էլ գրագողությունը, օրենքը թույլ չի տալիս զրկել գիտական աստիճանից, նաեւ այս կարգավորումն ապահովելու համար Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի նիստ արեց՝ արտահերթ։

Օպերային թատրոնի եւ իշխանության կարծիքները Նազենի Ղարիբյանի անձի շուրջ շարունակում է մնալ հակասության մեջ, այս տիկինը Մշակույթի նախարար պարտականությունները կատարելիս հեռացրեց Կոստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից, սրան հետեւեցին բողոքի ակցիաներ, բայց ապարդյուն, եւ ոչ միայն նրա որոշումը ուժի մեջ մնաց, այլեւ նա նոր որոշումների իրավունք ստացավ հենց թատրոնի ներսում։ Օրեր առաջ Նազենի Ղարիբյանը ընտրվեց Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։ Այսօր, կոլեկտիվը ժողոց արեց եւ հայատարարեց՝ դեմ ենք Նազենի Ղարիբյանին, բայց ոչ միաձայն, վեճեր այնուամենայնիվ եղան։

Եվրոպան խորհրդարան է ընտրել անսպասելի արդյունքերով։ Ֆրանսիայում

Ծայրահեղ աջ քաղաքական ուժերը լուրջ հաջողություն են արձանագրել, Եվրախորհրդարանի ընտրություններում: Քվեների 24 տոկոսով առաջին տեղում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը: Նախագահ Մակրոնի կուսակցությունը երկրորդ տեղում է` քվեների 22 տոկոսով: Իտալիայում քվեների քանակով առաջին տեղում է փոխվարչապետ Մատեո Սալվինիի ծայրահեղ աջ «Լեգա» կուսակցությունը: Նոր գումարման Եվրախորհրդարանում «Լեգան» 28 մանդատ կունենա: Ծայրահեղ աջ կուսակցությունները լուրջ հաջողություններ են արձանագրել նաև Արևելյան Եվրոպայում՝ Հունագարիայում եւ Լեհաստանում։ Ըստ վերլուծաբանների՝ այս արդյունքները վկայում են, որ Եվրոպան փոխվում է։

Դոլարը շարունակում է թանկանալ, փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոն 537 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ:

Հայաստանի որոշ շրջաններում  մայիսի 28-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ տեղերում հնարավոր է կարկուտ: Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 12 + 14, վաղը կեսօրին՝ + 27 + 29: