Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է «վերականգնվում» կուսությունը. դուք խիստ կզարմանաք

569

Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը:

Իսկ լուծումն ինչպես միշտ առաջարկել է բժկությունը: Բանն այն է, որ կուսության խորհրդանիշ կուսաթաղանթն այժմ հնարավոր է վերականգնել: «Կուսաթաղանթի վերականգնումը’ հիմենոպլաստիկան, վիրահատություն է, որն ուղղված է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնմանը»,- LN-ի հետ զրույցում նշեց «Ռաֆայել» բժկական հաստատության գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Ըստ գինեկոլոգի’ համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության են դիմում մի քանի պատճառներով: Դիմում են պարզապես զուգընկերոջը հաճելի պահեր կամ զարմանք պատճառելու համար, կամ այն դեպքում,երբ զրկվում են կուսաթաղանթից ոչ երկկողմանի համաձայնեցված սեռական ակտի ժամանակ կամ տրավմաների հետևանքով: Եվ լինում են դեպքեր, երբ ցանկանում են, որ ապագա ամուսինը չիմանա իրենց սեռական անցյալի մասին: Մեզ մոտ’ Հայաստանում, մեծ մասամբ գործում է վերջին տարբերակը’ առաջին գիշերը երկրորդ անգամ կույս լինելու ցանկություն:

Բժիշկը նաև փաստում է, որ այցելուներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել կուսաթաղանթը, որ անգամ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ պատճառը ազգային մտածելակերպն է, կարմիր խնձորի՝ այլևս իր նշանակությունը մասամբ կորցրած ծեսի առկայությունը: Այս մասին խոսել են, խոսում են և դեռ շատ են խոսելու, սակայն անգամ վերականգնվող կուսաթաղանթի ֆոնին այս ավանդույթը չի զիջում իր տեղը: Ավելին, եթե փոքր-ինչ ազատ մտածելակերպ է նկատվում տղաների մոտ, ապա սկեսուրների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Իր պրակտիկայից հետաքրքիր դեպք է պատմում Տաթև Ղորուխչյանը. «Մի զույգ էր եկել խորհրդակցության այս հարցով: Երբ ասացին խնդիրը, ես հարցրի, թե ինչու եք ցանկանում վիրահատվել, եթե նույն տղան է: Պատասխանն ինձ ապշեցրեց’ տղայի մոր համար: Իհարկե, երկար խոսելուց, բացատրելուց հետո նրանք հրաժարվեցին այդ մտքից և իսկապես ամուսնացան: Կարծում եմ’ հարցը շատ ցավալի ու խորն է»:

Կուսաթաղանթը վերականգնելու երկու տարբերակ կա: «Առաջինի դեպքում պատռված կուսաթաղանթը կարվում է ներծծվող թելերով: Այս տարբերակն ապահով է մի քանի օրվա ընթացքում: Վիրահատությունն էլ կատարվում է տեղային անզգայացմամբ: Երկրորդ մեթոդն այն է, երբ կատարվում է հեշտոցամուտքի հյուսվածք և եռաշերտ հիմենոպլաստիկա: Այն կարող է բավականին երկար պահպանվել’ մինչև 3տարի»,-ասում է գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Դե իսկ երրորդ տարբերակն առաջարկում են անհատ ձեռներեցներըJ: List.am կայքի մասին լսել են հավանաբար բոլորը: Ամենատարբեր ծառայություններն առաջարկող այս կայքում տեղ է գտել նաև այսպիսի հայտարարություն’ «կուսությունը վերականգնող թաղանթ. աղջիկը հանգիստ տեղադրում է 2 րոպեում եւ կրկին կույս է»:

Փորձեցի պարզել, թե ինչի մասին է խոսքը, զանգահարեցի նշված հեռախոսահամարով և ներկայացա որպես լրագրող, ծառայությունն առաջարկողն անմիջապես դրեց լսափողը և հրաժարվեց պատասխանել իմ հարցերին: Հաջորդ անգամ ստիպված եղա մի փոքր խորամանկության դիմել’ հուզող ինֆորմացիան ստանալու համար: Այս անգամ զանգահարեցի որպես «գնորդ», որը սակայն չափից դուրս հետաքրքրասեր է: Ներկայացնում եմ մեր հեռախոսազրույցն առանց մեջբերումների:

-Բարև Ձեզ, ես հայտարարության համար եմ զանգահարել’ կուսաթաղանթը վերականգնելու հարցով: Կներկայացնե՞ք’ իրականում ի՞նչ է դա, ի՞նչ մեթոդով է աշխատում:

-Բարև Ձեզ, դա պլյոնկայա, որը ջրից քայքայվում ա, դառնում ա արյուն: Սեքսից 15 րոպե առաջ տեղադրում եք ներսում, ինքը խոնավությունից ուռում ա և սեքսի ժամանակ պատռվում ա, արյան նման բան ա գալիս:

-Իսկ կա՞ բժշկական որևէ երաշխիք, որ այն անվտանգ է:

-Սկի վիրահատելու դեպքում երաշխիք չկա, որ սաղ նորմալ կլինի: Բայց ամբողջ աշխարհում էս արդեն շատ տարածված տարբերակա, չեմ կարծում’ ինչ-որ բան լինի: Համոզվելու համար պետք ա փորձեք….

Դե ինչ, այսպիսի հայտարարությունները List.am-ում քիչ չեն: Մի տարբերակում առաջարկում են դեղահաբեր, մյուսում թաղանթ, իսկ գինը հիմնականում տատանվում է 15-30 հազարի սահմաններում: Իսկ բժշկի հավաստմամբ’ սրանք պարզապես խաբեություններ են:

Ի տարբերություն այս միջոցների, վիրահատության համար բժիկները կրում են պատասխանատվություն: Սակայն թող չշտապեն ուրախանալ նրանք, ովքեր կարծում են, թե նման վիրահատությունը փրկություն է յուրաքանչյուր պարագայում: «Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կատարել այսպիսի վրահատություն: Եթե կինը բավականին մեծ սեռական փորձ ունի, եղել են շատ զուգընկերներ, նման վիրահատությունը գրեթե անհնար է դառնում»,-ասում է Տաթև Ղորուխչյանը:

Իսկ մեր հարցին, թե արդյոք չկան ուրիշ հակացուցումներ, որոնց առկայության դեպքում այսպիսի վիրահատությունն արգելվում է, բժիշկը պատասխանեց, որ վիրահատության համար հակացուցում է հանդիսանում բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը:

Դե իսկ ինչպիսին են բարոյական հակացուցումները, դժվար է ասել…

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am