ԲԴԽ-ն չի երաշխավորում դատավորների անկախությունը․ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

165

Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրել է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարեց մոտ 6 ժամ քննարկումներից հետո։

Ընդհանուր ժողովի հայտարարության տեքստն ընթերցեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Ըստ այդմ՝ Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Սակայն այն պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանաված հայեցակարգ։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։

Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարել է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Սակայն դա պետք է կատարվի հստակ հայեցակարգով։

Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտել է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն։ Եւ կոչ է արել ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակութէյունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։