«Փաստ» օրաթերթը գրում է.
Եթե ոմանց թվում է, թե ներկայիս մարդկային քաղաքակրթության զարգացման պայմաններում բռնապետությունը հեռավոր անցյալին առնչվող իրողություն է, ապա պետք է դիտարկեն Ադրբեջանի օրինակը։ Իլհամ Ալիևն այդ երկիրը վերածել է ընտանեկան կալվածքի՝ սեփական կնոջն էլ դարձնելով փոխնախագահ։ Ու նորություն չէ, որ Ադրբեջանում ոչ միայն ժողովրդավարության նշույլ չկա, այլև այդ երկիրն իր բնույթով բացարձակ հակաժողովրդավարական է ու բռնատիրական։ Ազատ խոսքն ամեն քայլափոխի ճնշվում է, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում, բայց այս իրողությունը չի խանգարում, որ իրեն ժողովրդավարության պաշտպանության ջատագով հայտարարած Արևմուտքը զարգացնի իր հարաբերություններն այս երկրի հետ։
Եթե մի այլ երկրում ժողովրդավարական արժեքները նման կարգի ոտնահարվեին, ապա Արևմուտքից մեկը մյուսի հետևից զեկույցներ կհրապարակեին ու քայլեր կձեռնարկեին այդ երկրի հետ հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ։ Այնինչ, Ադրբեջանի համար կանաչ լույս է վառված այն աստիճանի, որ այդ երկիրը նոյեմբերին Բաքվում հյուրընկալելու է այնպիսի խոշոր միջազգային իրադարձություն, ինչպիսին COP 29 կլիմայական համաժողովն է։ Բայց, ահա, կլիմայական համաժողովի շեմին արևմտյան համայնքը հանկարծ հիշել է ժողովրդավարության մասին ու «անհանգստություն է հայտնել» Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալի առկայության վերաբերյալ։ Մամուլում էլ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ նույնիսկ բանակցություններ են տարվում նրանց ազատ արձակելու կապակցությամբ։
Ադրբեջանի հետ կապված այսպիսի մոտեցումն ինչ-որ առումով նաև երեսպաշտության է նմանվում: Նախ՝ Ադրբեջանը թքած ունի մարդու ոչ միայն իրավունքների օրակարգի վրա, այլև նմանօրինակ բոլոր հայտարարությունների ու կոչերի: Երկրորդ՝ փաստացի ստացվում է, որ քաղաքական հայացքների պատճառով ձերբակալված անձանց հարցով Արևմուտքի հետաքրքրություններն ավելի բարձրաձայնելի են, քան այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունները։ Նորություն չէ, որ այդ երկիրը հայատյացությունը դարձրել է կենսակերպ։ Ալիևի իշխանությունը հայերի նկատմամբ թշնամությունն օգտագործում է սեփական իշխանությունը պահելու և ժողովրդի աչքի առաջ սեփական հանցագործություններն արդարացնելու համար։
Մյուս կողմից՝ Ադրբեջանն էր, որ խախտելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները՝ 2020 թվականին ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ։ Ապա այդ երկիրը, ոտնահարելով մարդասիրական բոլոր սկզբունքները, թիրախավորեց Արցախի խաղաղ բնակչությանը՝ կիրառելով ֆոսֆորային զենք ու այլ արգելված սպառազինություն։ Իսկ հրադադարից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության միջամտությամբ Լաչինի միջանցքը փակվեց, որի արդյունքում արցախցիներն ամիսներ շարունակ սովի մատնվեցին։ Իսկ անցյալ տարվա աշնանը ողջ միջազգային հանրության աչքի առաջ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի նկատմամբ նոր հարձակմանն ու հայաթափմանը։ Իսկ միջազգային հանրություն կոչեցյալը լուռ հետևում էր այս իրադարձություններին։
Այս իրադարձություններից հետո նույն Արևմուտքում նշում էին, որ իրենք հանձնառու են արցախահայությանը տրամադրվելիք մարդասիրական օգնության հարցում, բայց ոչ մի խոսք այն մասին, որ նրանք Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների զոհ են դարձել։ Իսկ ինչո՞ւ է արևմտյան հանրությունը շրջանցում Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների թեման։ Թերևս այս հարցը բարձրացնելու դեպքում արևմտյան համայնքը պետք է ստիպված լինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ դեպքում Եվրոպան պետք է ստիպված լինի հրաժարվել Ադրբեջանի կողմից մատակարարվող էներգակիրներից, բայց եվրոպական երկրներն ավելի շատ կարևորում են իրենց էներգետիկ շահերը, քան համամարդկային արժեքները։ Իսկ քաղբանտարկյալների թեման Արևմուտքի համար պարտավորեցնող չէ, ուղղակի ցույց կտան, թե աշխատանք են կատարում հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության։ Ու այդպես ձևականությունն ապահովված կլինի։
Ներկայում Ադրբեջանն իր մոտ է պահում հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, բայց ԵՄ-ում ու ԱՄՆ-ում խուսափում են COP 29 կլիմայական համաժողովի անցկացումից առաջ Ադրբեջանի առաջ դնել կոնկրետ ռազմագերիների վերադարձման հարցը։ Արևմտյան պաշտոնյաներն անընդհատ նշում են, թե ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ու ոչ մի գործնական ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա՝ դրանով նոր ագրեսիայի ձեռնարկման ճանապարհ ապահովելով այդ հանցագործ երկրի համար։
Բացառված չէ, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արևմուտքի դիրքորոշման վրա ազդում է նաև կոռուպցիոն սխեմաներով։ Չէ՞ որ Ալիևը արևմտյան ու, մասնավորապես, եվրոպացի պաշտոնյաների կաշառելու ու փողերի լվացման մեծ փորձ է ձեռք բերել: Հենց դրան է միտված Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը։ Ու ժամանակի ընթացքում ականատես ենք եղել Ալիևների շուրջ պայթած բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների, ինչի մասին ոչ մեկ անգամ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում