Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնց հետևանքով պատճառվել է նյութական վնաս։ Այս մասին հաղորդել է սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրավիճակին ծանոթ սիրիացի երկու դասալիք զինվորականների՝ հարվածներն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել են Սիրիայի բանակի օդային պաշտպանության ռազմակայան և ռադարային կայան Սվեյդայի նահանգում:
Reuters-ը նշում է, որ Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցրել Սիրիայում տարբեր թիրախների՝ նշելով, որ դրանք կապված են Իրանի հետ։
Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի տարածքին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածել են Լիբանանում գործող «Հեզբոլլահ» իսլամիստական կազմակերպության ռազմական կառույցների և դիրքերի։ Telegram ալիքում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իսրայելի տարածքի նկատմամբ Լիբանանից իրականացված հարվածների։