Dzen.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են սրվել, ինչի մասին են վկայում վերջին օրերի իրադարձությունները։ Օրինակ՝ Ռուսաստանի Պետդուման հետաձգեց հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը, և դա ուղղակի թյուրիմացություն չէ: «Երեկոյան Մոսկվա» հրատարակությունը փորձագետների հետ քննարկել է, թե ինչո՞ւ են երկրների միջև հարաբերությունները վատացել, և ինչ ապագա է սպասվում նախկին դաշնակիցներին։ Քաղաքագետ Եվգենի Կրուտիկովի կարծիքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացումը մեկ գիշերվա ընթացքում չի եղել, այդ գործընթացը մի քանի տարի շարունակ ընթացել է աննկատ և ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, ինչի մասին են հուշում նաև վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։
«Եղավ մեկ իրադարձություն, որն ապացուցում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վատթարանում են, — հիշեցրել է Կրուտիկովը, — Հայաստանը ներկայացրել է Մոսկվայում նոր դեսպանի թեկնածությունը, և ընդունող կողմը միշտ պետք է հաստատի թեկնածուին, բայց Մոսկվան չընդունեց Գուրգեն Արսենյանին, քանի որ նա մտերիմ է Փաշինյանի հետ և աչքի է ընկնում ռուսաֆոբ հայտարարություններով»։ Փորձագետն ընդգծել է, որ, իր հիշելով, սա առաջին դիվանագիտական սկանդալն է նախկին ԽՍՀՄ երկրների պատմության մեջ։
«Հետևաբար, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման մասին, ապա դա տեղի է ունենում վաղուց։ Իսկ վերջին տարում այն պարզապես հասել է իր գագաթնակետին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո»,- պարզաբանել է քաղաքագետը։ Իր հերթին քաղաքագետ Յուրի Սվետովն ասել է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ են երկրների հարաբերությունները վատթարանում։ Նիկոլ Փաշինյանը ղեկավար դառնալու պահից սկսած բոլոր պայմաններն ստեղծել է Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու համար։ «Երևանում է գտնվում եվրոպական մայրցամաքում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը։ Եվ այդ դեսպանատունը հետխորհրդային ժամանակներից ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խզելու և երկիրը Հարավային Կովկասում ցավոտ կետ դարձնելու ուղղությամբ»,- նշել է Սվետովը։
Եվ բոլոր գործողություններն ու որոշումները, որ Փաշինյանն ընդունում է որպես վարչապետ, խոսում են նրա հակառուսական քաղաքականության մասին, կարծում է քաղաքագետը։ «2020 թվականին Ռուսաստանին մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտության մեջ։ Եվ մինչ օրս Փաշինյանը շարունակում է ասել, որ այդ վեճում հույսը դրել էր Ռուսաստանի օգնության վրա, բայց նա տեր չկանգնեց,- պարզաբանել է փորձագետը, — Հայաստանն ինքը պարտվեց այդ պատերազմում, բայց մեղադրում է Ռուսաստանին»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ոչ մեկի կողմը չի բռնել։ «Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և վեճերին վերջ տալու համար և նույնիսկ պատրաստ ենք տրամադրել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք կօգնեին հստակեցնել սահմանները: Բայց ինչ-ինչ պատճառներով դրանք չեն օգտագործվում, և Փաշինյանը կրկին դժգոհ է Ռուսաստանի գործողություններից»,- ասել է Սվետովը։
Իսկ ի՞նչ կանխատեսումներ կան: Քաղաքագետ Սվետովը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան կախված է Երևանից, բայց հայկական կողմից հարաբերություններ հաստատելու նախադրյալներ չեն երևում: «Նրանք պնդում են, որ իրենք պաշտպանություն են տեսնում ԵՄ-ում, և ցանկություն են հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ բոլոր գործողությունները մարտահրավեր են Ռուսաստանի համար, քանի որ նա է միշտ համարվել Հարավային Կովկասում խաղաղության երաշխավոր»,- ասել է նա։ Ըստ Եվգենի Կրուտիկովի, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայունացումը բարդանում է Փաշինյանի և նրա շրջապատի քաղաքականությամբ: «Հիմա Հայաստանում բացահայտ հայտարարում են Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների փոփոխության և դեպի ԵՄ վերակողմնորոշման մասին։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը շատ երկար ժամանակ են երազել դրա մասին»,- ասել է նա։
Փորձագետը նաև հավելել է, որ այդ նպատակով է Հայաստանը անընդհատ դատապարտում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անգործության մեջ: «Հետևաբար, դժվար է գնահատել հեռանկարները։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց քաղաքական կուրսի ու ղեկավարության փոփոխության, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում չի լինի։ Այնուամենայնիվ, առայժմ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիվանագիտական պատերազմի և ամպագոռգոռ հայտարարությունների շրջանակներում են,-ընդգծել է քաղաքագետը,- Փաշինյանի հասցեին վիրավորանքները ևս լավ բաներ չեն: Բայց կան նախադրյալներ, որ Հայաստանը կարող է բարձրացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Միաժամանակ, Երևանն ինքն է պնդում նախկինում կնքված պայմանագրերի պահպանումը»։ Իր հերթին քաղաքագետ Իվան Մեզյուխոն վստահ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը լուրջ սխալ կլինի Հայաստանի համար։
«Եթե դա իրականացվի, ապա Անդրկովկասում իրավիճակը կդառնա անկայուն ու վտանգավոր»,- ասել է զրուցակիցը։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ «Եթե հայ ժողովուրդը որոշի փոխել իշխանությունը և պաշտոնանկ անի Փաշինյանին, ապա Երևանի և Մոսկվայի միջպետական շփումները կբարելավվեն: Բայց միայն այն դեպքում, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ»,- համոզված է Մեզյուխոն։ Փորձագետը նաև գտնում է, որ իշխանափոխության ներքաղաքական գործընթացների արդյունքում իշխանություն վերցրած ցանկացած անձ արդեն ծանրաբեռնված չի լինի Փաշինյանի հակառուսական հայտարարություններով և դրանով իսկ կարող է երկրորդ կյանք հաղորդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։
Կ. Խաչիկյան