Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր:

Հաստատելով, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին՝ նախարար Լըքորնյուն ասել է. — «Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը, նախարարն ասել է. — «Շատ կարևոր է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։

Այն, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման պայմանագիր, Հայաստան այցի ժամանակ հայտնել էր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Բաքուն խիստ քննադատել է Փարիզի այս մտադրությունը, նաև այս պատճառաբանությամբ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը չեղարկել իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին: