ՀՖՖ պաշտոնական հայտարարությունը Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ

Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երեւանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ ՀՖՖ-ից տեղեկացնում են.

«Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր:

Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Նախևառաջ, պահպանվել է տոմսերի գնի նվազագույն շեմը՝ 1000 դրամ, ընդ որում՝ նույնիսկ այս տարվա ընթացքում եղել են հանդիպումներ, երբ տոմսերի նվազագույն շեմը կրկնակի գերազանցել է Ուելսի հետ խաղի տոմսերի նվազագույն շեմը (մասնավորապես, Թուրքիայի հետ խաղի ժամանակ ամենաէժան տոմսերի գինը եղել է 2000 դրամ, իսկ 2021 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Գերմանիա հանդիպման ամենաէժան տոմսերի գինը՝ 3000 դրամ), սակայն որևէ մեկն այն ժամանակ չի խոսել տոմսերի թանկացման մասին:

Միաժամանակ ՀՖՖ-ն տարբեր զեղչեր է սահմանել երկրպագուների տարբեր խմբերի համար, որոնք կարող են տոմսերը գնել իջեցված գներով: Կան նաև մշտապես իրականացվող այլ ծրագրեր, որոնք միտված են՝ կարգավորելու սոցիալապես անապահով խավերի մուտքը մարզադաշտ: Նշենք, որ ՀՖՖ-ն յուրաքանչյուր խաղի համար 100-ավոր տոմսեր է հատկացնում շահառուների տարբեր խմբերի, իսկ ֆան-ակումբներին տոմսերը վաճառվում են կրկնակի էժան գնով, եթե խոսքը չի գնում ամենաէժան տոմսերի մասին:

Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ:

Ընդգծենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն, քանի որ տոմսերի այդ գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, ինչպես նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների  համար:

Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:

Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 19-ի դրությամբ, դեռևս առկա էին վաճառքում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված գումարներին, ապա տեղեկացնում ենք, որ ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, ինչպես նաև ՀՖՖ կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված “Play for integrity” ծրագրի իրականացմանը»