«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների տարփողած «խաղաղության համաձայնագիրը» ոչ մի խաղաղության մասին էլ չէ, կարծում ենք, ակնհայտ է արդեն նույնիսկ «քաղաքականությամբ չզբաղվողներին»: Թե՛ ադրբեջանական ռեժիմը, թե՛ նրան ուղղակիորեն ձայնակցող քպական կարկառունները բոլորից ակնհայտ ու համոզիչ դա հիմնավորեցին: Եվ հիմնավորեցին պատերազմի սպառնալիքներով: Բայց դա մի փոքր այլ խոսակցության առարկա է:
Ոչ պակաս հետաքրքրական են մեր հանրության որոշակի շերտերի արձագանքները: Ճիշտ է, «փողոցներ ու հրապարակներ ելած» բազմություններ չկան, ինչը միանգամայն բնական կլիներ՝ հաշվի առնելով, թե միակողմանի ու ստորացուցիչ ինչ զիջումներ է Ալիևը թելադրել Փաշինյանին, ինչպես նաև այն, թե ինչ խայտառակ զիջումների է համաձայնել ՔՊ-ի ղեկավարը: Սակայն թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա շփումների ժամանակ կարող ենք արձանագրել դժգոհություններ, նաև՝ մեղադրանքներ: Չէ, իշխանությունների հասցեին չէ, դա ինքնին հասկանալի է: Եթե այդ դժգոհություններն ի մի բերենք, ապա կարելի է ամփոփել մոտավորապես հետևյալ արտահայտությամբ. «Բա ո՞ւր են (որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ նկատելի ընդդիմադիր գործիչ), ինչո՞ւ փողոց չեն ելնում, ինչո՞ւ ժողովրդին փողոց չեն հանում, ինչո՞ւ մի բան չեն անում…»:
Սովորաբար, ասվում է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Այսինքն, նման դժգոհություններ արտահայտողները, «բան անելու» իմաստով շատ հնարավոր է, որ տեղին են դժգոհում: Բայց հենց այստեղ էլ, կարծում ենք, արժե առնվազն երկու վերապահում անել. մեկը՝ տեղեկատվական, մյուսն՝ ավելի «բացված»:
Նախ՝ նկատենք, որ «Բաքվի համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտելու մասին Փաշինյանի իշխանության պաշտոնական հայտարարությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «ՀայաՔվե» նախաձեռնությունը և այլն: Հասկանալի է, որ ընդդիմադիրները ոչ միայն անընդունելի են բնորոշել միակողմանի ու խայտառակ զիջումների մոտեցումը, որ դրսևորում է Փաշինյանի իշխանությունը, այլև պահանջել են հրապարակել «բանակցված» համաձայնագրի տեքստը:
Մեր անդրադարձի ենթատեքստի առումով հիմնական պահն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական ակտով (իսկ կուսակցության կամ որևէ միավորման ղեկավար մարմնի հայտարարությունն այդպիսին է) անդրադարձել են ընթացիկ ճակատագրական զարգացումներին: Բայց…
Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը… «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:
Սակայն եթե միայն դա լիներ խնդիրը: Ցավն այն է, որ երբ ինչ-որ մեկը, որևէ նկատելի քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որևէ ճանաչելի կամ որոշակի կշիռ ու ազդեցություն ունեցող գործիչ «ինչ-որ բան անում է», սոցցանցերում ակտիվացողները, խոհանոցներում քրթմնջացողները, բակային զրուցատաղավարներում հռետորաբանողները և «բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս:
Դե, «ֆիզկուլտուրա անելու հավես չկա», «է՜, բան չեն անի», «նախկիններն են», «կիսանախկիններն են», «էս նոր ջահելներն ովքե՞ր են», «սրանց ընդհանրապես չենք ճանաչում», «ոնց որ նախկինների հետ կապ ունեն», այս մեկն այս է ժամանակին արել, մյուսն այն է արել, սա արժանի չէ, մյուսը թույլ է, երրորդը… ու այդպես շարունակ:
Սա նորություն չէ, նման դրսևորումներ, նման երևույթ տեսել ենք անընդհատ, այդ թվում՝ 2020-ից հետո, երբ մեկուկես տասնյակ կազմակերպություններ միավորվել էին, իսկ շարժումն առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Տեսել ենք «Դիմադրություն» շարժման ժամանակ, տեսել ենք նաև այլ դրսևորումների ժամանակ: Տեսել ենք նաև 2024-ին՝ «Սրբազան շարժման» հետ կապված:
Հարկավ, բոլոր այդ շարժումների, ընդվզման դրսևորումների չհաջողելու բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին էլ քիչ չի խոսվել: Մենք այլ հանգամանքի վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել. ամեն ինչին ու բոլորին բնորոշումներ, պիտակումներ տալու և դրա փակուղայնության: Երբ դա ես դիտարկում, ստացվում է, որ մեր հասարակությունը որակումներ, պիտակումներ տալու «մասնագետ» է դարձել, եթե ոչ՝ աշխարհի չեմպիոն:
Բոլորին էլ պիտակավորելու, բնորոշումներ տալու որևէ հնար կարելի է գտնել ու կգտնեն էլ: Ու գտնում են: Ոչ ոք անթերի չէ: Եվ ի՞նչ: Եվ այն, որ այդպես դրսևորվողները շարունակում են մնալ իրենց «հարմարավետ գոտիներում», ֆեյսբուքյան կամ տելեգրամյան ելևէջներում, շարունակական մուննաթի ու դժգոհությունների «ալիք» տատանողների դերում:
Բայց ավելի վատը կա, որովհետև… ստացվում է, որ մեր երկիրը, ազգն ու հասարակությունը ներկայացնելու արժանին… Նիկոլ Փաշինյանն է: Սա իսկապես ողբերգություն է: Իսկ դրա հետևանքը լինում է, ավելի ճիշտ՝ այն է, որ բոլորին «անուն կպցնելով», «նախկին»-«կիսանախկին»-«կիսաներկա» անելով, աջուձախ բոլորին պիտակավորելով՝ անտեսում ենք կարևորագույնը, որ հայտնվել ենք չափազանց լուրջ վտանգի առաջ, եթե ոչ՝ հենց վտանգի մեջ ենք կանգնած: Ու դա «մեզ արժանի» Նիկոլ Փաշինյանի պատճառով:
Ու այստեղ երկրորդ հարցն է ծագում: Լավ, մենք իսկապե՞ս ռեալ վտանգն առարկայորեն չզգացող հասարակություն ենք դարձել: Աներևակայելի իռացիոնալ՝ մեր ընկալումներով ու հետևություններով: Չենք ուզում հավատալ, որ այդպես է: Իրականում կենտրոնանալ է պետք այն մոտեցման վրա, որը դրսևորել են «խելքը գլխին» բոլոր ժողովուրդները, երբ նման վիճակներում են հայտնվել: Այդ թվում՝ մեր ժողովուրդը՝ իր երկարատև պատմության ընթացքում:
Ո՞րն է այդ մոտեցումը: Նման պայմաններում առաջ են բերում ճգնաժամային կառավարիչներին՝ կոնկրետ հանրային պահանջով՝ երկիրը հանել այս վիճակից, այս մղձավանջից: Առաջ են բերում նրանց, ովքեր դա կարող են անել: Հա, ու նման գործիչներին, որպես կանոն, հետո մի կարգին շնորհակալություն էլ չեն ասում, առնվազն՝ իրենց կյանքի օրոք: Սովորաբար՝ «սերունդներն են երախտապարտ լինում»:
Շատ օրինակներ կարելի է բերել թե՛ մեր, թե՛ այլ ժողովուրդների պատմությունից: Բայց խնդիրը դա չէ, այլ հետևյալ հարցը. լավ, ինչի՞ մասին ենք մենք մտածում, ընդհանրապես, մենք ուզում ենք դուրս գա՞լ այդ վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել»:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում